Իշխանությունը փաստացի զրկել է ՀՀ քաղաքացիներին ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից. Արա Զոհրաբյան
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 14-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը: 

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը իր ելույթը սկսեց Աստվածաշնչյան ոսկե օրենքով. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց: Այսինքն՝ ինչ անենք, վերադառնալու է մեզ»:

Վկայակոչելով Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ մասը՝ նա նշեց. «Վարչապետի հրաժարականի դեպքում այդ պաշտոնը թափուր է մնում: ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում սարսափելի ոչինչ չի լինում, երբ նրան փոխարինում է ԱԺ նախագահը: Նույնը նաև ԱԺ նախագահի հրաժարականի դեպքում: Մենք կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ից հետո չէր կարող հանդիսանալ ՀՀ վարչապետ»:

Անդրադառնալով ընտրական համակարգին՝ նա ասաց. «Բարձր դատարան, մենք ընտրություններին մասնակցել ենք նույն ընտրական համակարգով՝ որոշ կոսմետիկ փոփոխություններով: Խնդիրներից մեկը իրական պատկերը չարտացոլող ընտրացուցակների առկայությունն է: Չի փոխվել նաև կրկնաքվեարկության համակարգը: ՍԴ-ն մերժեց ստուգելու կրկնաքվեարկության հարցը: Այս մասով հիմնավոր կասկածներն ավելի են խորացել»:

«Այս ԿԸՀ-ն այն նույն կազմն է, որ կազմակերպել էր 2017-ի ընտրությունները: Բայց ինչպես է լինում, որ, իշխող ուժի գնահատմամբ, մինչև 2018 թվականը եղել են ընտրախախտումներ, իսկ այսօր՝ ոչ: Ես հանգել եմ երկու հետևության՝ կամ այսօր իշխող ուժը նախկինում մեզ խաբել է՝ ասելով, որ այս պուպուշ կառույցը իրականում ընտրախախտումներ չկանխող կառույց է, կամ այսօր այս մարմնի ծառայությունները պետք են այսօրվա իշխող ուժին»,- նկատեց Արա Զոհրաբյանը:

Խոսելով Վարչական դատարանի վճռի մասին, նա նշեց, որ այդ վճիռը տեղին է անհանգստացնում երրորդ ուժին. «Շատ կարևոր է, թե ով է այդ բռնությունները տարածում. անձ, որի ենթակայության տակ են ոստիկանությունը, ԱԱԾ-ն»:

«Մենք զրկվել ենք զենքերի հնարավորության հավասարության հնարավորությունից, մենք զրկվել ենք մեր վկայակոչած փաստերը նաև այդ եղանակով ապացուցելու հնարավորությունից»,- ասաց «Զարթոնք»-ի ներկայացուցիչը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից իրենց միջնորդությունների մերժման փաստին:

Արա Զոհրաբյանը հարց բարձրացրեց՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմա նախկի՞ն է, թե՞ ոչ. «Արդյոք Նիկոլ Փաշինյանը նրա նկատմամբ ունի՞ մի կոմպրոմատ, որ նա զրկված է հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնելու հնարավորությունից, թե՞ երկուսն էլ ենթարկվում են մեկ ուժի, և մենք այսօր գործ ունենք ոչ մեր ազգային շահերից բխող մարդկանց խմբի հետ: Մենք այդ հնարավորությունը չունեցանք»:

Ամփոփելով իր ելույթը՝ Արա Զոհրաբյանը նշեց. «Իշխանությունը վարչական ռեսուրսների կիրառմամբ, բռնության սպառնալիքներով, գործելով այն նույն ընտրական գործիքակազմով ու համակարգում, որը ժամանակին քննադատել էր, և որը պետք է բարեփոխեր, փաստացի զրկել է ՀՀ քաղաքացիներին ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից»: