Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 14-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:
«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը հայտարարեց. «Քվեաթերթիկները չհրկիզվող պահարանում պահելու պահանջը իմպերատիվ կերպով սահմանված է Ընտրական օրենսգրքում: Սույն հանգամանքը լրջագույն կասկածի տակ է դնում գոնե այդ 658 տեղամասերի անդամների, վստահված անձանց գործողությունների օրինականությունը»:
«Ես այդպես էլ չստացա իմ այն հարցի պատասխանը, թե ԿԸՀ-ն ինչ միջոցներ է ձեռք առել, որ դրոշմանիշները չտպագրվեն ընտրություններից առաջ կամ թեկուզ ընտրություններից հետո X քանակով: Մեր հիմնավոր կասկածը չի վերացել»,- ընդգծեց նա:
900 հազար ընտրող, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձինք, Արտակ Գալստյանի խոսքով, ի սկզբանե ընտրությունների թերի նախապատրաստության արդյունքում զրկված են եղել իրենց ընտրական իրավունքից. «Այս փաստը հաստատեց նաև ոստիկանությունը:
Հանրային իշխանությունը պետք է ապահովի բոլորի ընտրական իրավունքը, ինչը տվյալ դեպքում ակնհայտորեն խախտված է»:
«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչն ընդգծեց, որ ժողովուրդը ԱԺ-ն ընտրում է 5 տարի ժամկետով և ուղիղ ընտրության միջոցով. «Սահմանադրությունը նախատեսել է այս մանդատի դադարեցման երկու դեպք. վարչապետի հրաժարականի կամ նրան անվստահություն հայտնելու, կառավարության ծրագիրը չհաստատելու դեպքում ԱԺ-ն ի վիճակի չի լինում ընտրել նոր վարչապետ, այսինքն՝ ցուցաբերում է անկարողություն կամ անգործություն: ՀՀ-ում 2017-ին ընտրվել է ԱԺ, որը պետք է գործեր մինչև 2022-ը, սակայն վերը նշված եղանակով այն լուծարվեց: 2018-ին կրկին ընտրվեց ԱԺ, որը պետք է գործեր մինչև 2023-ը, սակայն կրկին լուծարվեց 2021-ին:
Ընդ որում, երկու դեպքում էլ ժողովրդի կողմից բարձրագույն մանդատ ստացած սահմանադրական մարմինը լուծարող անձը շարունակեց պաշտոնավարել: Բարձր դատարան, սա ոչ այլ ինչ է, քան հրաժարականից հետո իշխանության պահում կամ յուրացում, կամ զավթում:
Ընտրությունների ժամանակ չի կարող լինել ժողովրդի ազատ կամարտահայտություն, եթե երկրում յուրացված է իշխանությունը»:
Նա հավելեց, որ ընտրությունների օրվա նշանակմանը ՀՀ նախագահի միջամտությունը ակնհայտ է, և կարևոր չէ, թե ինչ միջոցով է դա եղել:
«Այս ընտրությունները այնքանով են աննախադեպ ՀՀ պատմության մեջ, որ վարչական ռեսուրս է կիրառել և գործող իշխանությունը, և, ըստ իշխանության տվյալների, հակառակ կողմը: Չեմ ուզում վիճարկել, թե որ մեկն ինչքանով է օգտագործել, բայց որ դա միանշանակ ազդել է այլ կուսակցությունների վրա՝ ակնհայտ է: Իսկ ընտրություններին մասնակցել է 25 կուսակցություն, և մեր իրավունքները պետք է լինեն պաշտպանված»,- ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը: