Զանգերը սպասարկվում են 100%-ով. բարեփոխումներ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում

Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով մի շարք բարեփոխումներ են կատարվել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։


Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ձեռք բերված կապի միջոցների շնորհիվ 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը հնարավորություն է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ։


Բջջային նոր հավելվածով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը:


«Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունն սկսել է շահութաբեր աշխատել, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել հավաքակազմը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները:


Մարդկանց առողջությունը մեր ամենօրյա աշխատանքի հիմքում է, և մենք շարունակելու ենք բարելավել մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը»,- ասված է հաղորդագրության մեջ։