Առաջատար միջազգային մասնագետները կայցելեն Հայաստան. GITC/ACT քոլեջի տնօրենն ու ամերիկյան MOSAIC ընկերության հիմնադիրը հուշագիր են ստորագրել

Նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և ՀՕՖ մարքեթինգի և զարգացման գծով գործադիր տնօրեն Բրի Կարիլիոյի ներկայությամբ կայացել է GITC/ACT քոլեջի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և ամերիկյան MOSAIC ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Թոնի Շիենայի հանդիպումն ու համագործակցության հուշագրի ստորագրումը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:



Հուշագրով կողմերը նախատեսում են մեկնարկել նոր համատեղ կրթական ծրագիր, որը կկենտրոնանա հետախուզական վերլուծության (intelligence), համընդհանուր անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտների խորացված ուսումնառության վրա։




 

Ծրագրի շրջանակում MOSAIC-ի առաջատար միջազգային մասնագետները կայցելեն Հայաստան՝ ACT ուսանողներին փոխանցելու համաշխարհային չափանիշներին համապատասխան գիտելիքներ, իրականացնելու մասնագիտական վերապատրաստումներ և զարգացնելու ժամանակակից անվտանգային միջավայրում պահանջված հմտություններ։



Դեսպան Մկրտչյանը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այս համագործակցությունը կնպաստի Հայաստանում անվտանգության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։