Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան
«ոչ մի շանս չունի» ընթացիկ պատերազմում Ռուսաստանի դեմ հաղթելու, իսկ ԵՄ կողմից
երկրին հետագա ֆինանսական աջակցությունը «պարզապես խելագարություն» է։ Այս մասին
հաղորդում է Politico-ն։
Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինային ֆինանսական
աջակցությունը «տնտեսապես և ֆինանսապես սպանում է» ԵՄ-ն և «պարզապես խելագարություն
է»։
«Մենք արդեն ծախսել ենք 185 միլիարդ եվրո և մտադիր ենք
ծախսել ավելին։ Այսինքն, մենք ֆինանսավորում ենք մի երկիր, որը պատերազմում հաղթելու
շանս չունի»,- ասել է Օրբանը։
Օրբանը մեղադրում է եվրոպական առաջնորդներին այն բանում, որ նրանք
շարունակում են կոնֆլիկտը Ուկրաինայում, որպեսզի ապագա խաղաղության համաձայնագրի բանակցությունների
համար ավելի լավ դիրքեր ապահովեն։
«Նրանք կցանկանային շարունակել պատերազմը։ Նրանք կարծում են,
որ մենք պետք է շարունակենք պատերազմը՝ Ուկրաինային ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու
համար»,- ասել է Օրբանը՝ նշելով, որ այս դիրքորոշումը «բացարձակապես սխալ է»։
«Իրավիճակը և ժամանակը ավելի բարենպաստ են ռուսների, քան մեզ
համար։ Մի՛ շարունակեք, դադարեցրեք դա, որքան հնարավոր է շուտ»,- կարծիք է հայտնել
Հունգարիայի վարչապետը։
Օրբանը խաղաղ բանակցությունների առնչությամբ ակնկալում է «համաձայնություն
ռուսների և ամերիկացիների միջև» պատերազմի, առևտրի, էներգետիկայի և այլ հարցերի
շուրջ։ Նա կարծում է, որ եվրոպացիները պետք է «Ռուսաստանի հետ կապի անկախ ալիք բացեն»։
Նրա կարծիքով, Եվրոպան պետք է մոտենա Ուկրաինայի հարցին՝ «ելնելով
եվրոպական շահերից»։ Նա հավելել է, որ իրեն «չի հետաքրքրում», թե Մոսկվան կհաղթի,
թե կպարտվի, այլ իրեն հետաքրքրում է «եվրոպական ժողովրդի ապագան, մասնավորապես հունգարացիների
ապագան», ինչպես նաև «անվտանգության նոր համակարգը»։
Օրբանը հավելել է, որ եթե «հրաշք» չլինի, ապա Ռուսաստանը պատերազմից
հետո կշարունակի գրավել Ուկրաինայի արևելքը, մասնավորապես՝ Դոնեցկի մարզը։ «Սա իրականություն
է, անկախ նրանից, դուր է գալիս ձեզ, թե ոչ»,- հայտարարել է նա։