Բրիտանիան կարող Է ուկրաինացի փախստականներին «վերադարձնել տուն». Լոնդոնը նշել է պայմանը

Մեծ Բրիտանիայում բնակվող ուկրաինացիները կարող են հետ ուղարկվել տուն, եթե նրանց երկիրը ճանաչվի անվտանգ։ Այս մասին The Guardian թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը։


Նախարարը հիշեցրել է, որ ուկրաինացիների համար գործող ծրագիրն ի սկզբանե ժամանակավոր էր։ Մեծ Բրիտանիան մտադիր է անցնել դանիական մոդելին, որի դեպքում ապաստան տրամադրելը երկարաժամկետ երաշխիքներ չի տալիս, իսկ կարգավիճակը պարբերաբար վերանայվում է։


Բրիտանիայում նման ստուգումները կանցկացվեն ամեն երկուսուկես տարին մեկ, իսկ բնակություն հաստատելու ուղին հնարավոր կդառնա միայն երկարաժամկետ աշխատանքի և տնտեսության մեջ ներդրումների դեպքում։


Մահմուդը նաև հայտարարել է, որ ուկրաինացիների մեծ մասը ակնկալում է պատերազմի ավարտից հետո ինքնակամ վերադառնալ տուն։