Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ մոտակա տարիներին կարող է պատերազմ սկսվել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Այս մասին նա հայտարարել է Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում։
«Մենք միշտ ասել ենք, որ դա կարող է տեղի ունենալ 2029 թվականին։ Սակայն այժմ կան ուրիշներ, ովքեր ասում են, որ դա հնարավոր է արդեն 2028-ին, իսկ որոշ ռազմական պատմաբաններ նույնիսկ կարծում են, որ մենք անցկացրել ենք վերջին խաղաղ ամառը»,- հայտարարել է նա։
Պիստորիուսը հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերը պետք է էլ ավելի լավ հագեցած լինեն Ռուսաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար։
Մասնավորապես, Գերմանիայում 2027 թվականի կեսերից կսկսեն համալիր բժշկական զննումներ անցկացնել՝ որոշելու համար, թե ում կարելի է զորակոչել երկրում արտակարգ դրության դեպքում։
Բեռլինն աստիճանաբար կձևավորի պահեստազոր նախկին զորակոչիկներից՝ դրանով իսկ ամրապնդելով ընդհանուր պաշտպանունակությունը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախկինում հայտարարել էր, որ երկիրը պետք է հիշի իր պատմական պատասխանատվությունը և ուժով ապահովի խաղաղությունը՝ խաղաղությունն անվանելով «փխրուն»։
Մայիսին պաշտոնը ստանձնելիս նա իր կառավարության առաջնահերթությունն էր համարել երկրի զինված ուժերը Եվրոպայի ամենաուժեղ բանակի վերածելը։
Սեպտեմբերի վերջին Մերցը հայտարարել էր, որ Գերմանիան ապրում է այնպիսի պայմաններում, որոնք չի կարելի անվանել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն:
Ռուսաստանի իշխանությունները մերժում են Եվրոպայի երկրների վրա հարձակվելու մտադրության ցանկացած կասկած։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը միշտ գիտակցել է Եվրոպայի հետ հնարավոր կոնֆլիկտի վտանգը, ուստի նախապես միջոցներ է ձեռնարկել՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Վլադիմիր Պուտինն ինքը ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման պլանների մասին հայտարարություններն անվանել է «անհավանական սուտ», բայց նշել է Եվրոպայի երկրների ռազմականացմանը պատասխանելու պատրաստակամությունը։