ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեցին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և այլ պաշտոնատար անձինք։ 


Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և այլք։ 


Թբիլիսի կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահը նոյեմբերի 19-ին հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Հանդիպումից հետո երկու նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։