Ուկրաինայի համար նախատեսված 135 միլիարդ եվրո վարկի համար «կվճարեն մեր թոռները»․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ հնարավոր նոր վարկի՝ 135 մլրդ եվրոյի համար, որը Կիևին առաջարկում է հատկացնել Եվրահանձնաժողովը (ԵՀ), ստիպված կլինեն վճարել եվրոպական երկրների ներկայիս բնակիչների թոռները։ Ըստ նրա, Եվրամիությունը նման գումար «պարզապես չունի»։


«Աստղաբաշխական գումար, որը այսօր գոյություն չունի։ Այն պարզապես գոյություն չունի։ Բրյուսելյան «կախարդական հնարքը» կրկին կլինի համատեղ եվրոպական վարկը, մի քայլ, որը կերաշխավորի, որ նույնիսկ մեր թոռները ստիպված կլինեն վճարել ռուս-ուկրաինական հակամարտության ծախսերը», – գրել է Հունգարիայի վարչապետը X-ում։ 


Օրբանը նշել է, որ ԵՀ-ի կողմից պահանջվող գումարը, որը նախատեսվում է հատկացնել Կիևին երկու տարվա ընթացքում, կազմում է Հունգարիայի տարեկան տնտեսության առնվազն  65%-ը և ԵՄ-ի տարեկան բյուջեի գրեթե 75%-ը։


«Սա ավելին քան անհնար է։ Սա բացարձակապես անհեթեթ է։ Հունգարիայի պատասխանը կհետևի անհապաղ», – հավելել է վարչապետը։


Եվրահանձնաժողովի ղեկավարը ԵՄ երկրներին նամակ է ուղարկել Ռուսաստանի ակտիվների օտարման պաշտոնական առաջարկներով և Ուկրաինայի ֆինանսավորման երկու այլընտրանքային տարբերակներով, որոնք հիմնված են փոխառությունների վրա։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների, փաստաթղթում նշվում է, որ Կիևը 2026-2027 թվականներին զգալի ֆինանսավորման պակաս ունի։ ԵՀ-ն առաջարկում է այս խնդրի լուծման երեք տարբերակ. ակտիվների օտարում՝ «Ռուսաստանի արգելափակված ակտիվների օգտագործմամբ» այսպես կոչված ռեպարացիոն վարկի տեսքով, դրամաշնորհներ ԵՄ երկրներից։ Ֆոն դեր Լայենը ցանկանում է, որ որոշումն ընդունվի ԵՄ գագաթնաժողովում՝ դեկտեմբերի 18-19-ին։


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՀ ղեկավարի՝ Ուկրաինայի ֆինանսավորման նոր առաջարկը համեմատել է «ալկոհոլիկին օգնելու փորձի հետ՝ ուղարկելով նրան ևս մեկ տուփ օղի»։ Նա հասկացրել է, որ չի աջակցի ֆոն դեր Լայենի առաջարկներին։