Լիտվայի կառավարությունը որոշում է ընդունել բացել Բելառուսի հետ սահմանը: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը։
«Հաշվի առնելով Լիտվայի ազգային անվտանգության հանձնաժողովի կողմից այս տարվա նոյեմբերի 18-ին ընդունված որոշումն այն մասին, որ հանգամանքները փոխվել են և պետական սահմանը հատելու՝ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին մտցված սահմանափակումներն այլևս անհրաժեշտ չեն, ներքին անվտանգությունն ապահովելու համար նպատակահարմար է չեղարկել վերոհիշյալ որոշմամբ մտցված սահմանափակումները», - ասել է Կոնդրատովիչը Լիտվայի նախարարների կաբինետի խորհրդակցության ժամանակ։
Լիտվայի ազգային անվտանգության հանձնաժողովի նոյեմբերի 18-ի նիստում կառավարությանը հանձնարարվել էր քննարկել սահմանը բացելու հարցը։
Հոկտեմբերին Բելառուսից Լիտվայի սահմանը հատած մի քանի օդերևութաբանական օդապարիկներում հայտնաբերվել էին մաքսանենգ ապրանքներ։ Այս ամենի հետևանքով խաթարվել էր օդանավակայանների գործունեությունը: Այս իրավիճակին ի պատասխան՝ Լիտվայի կառավարությունը որոշել էր մեկ ամսով՝ մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշերը, փակել Բելառուսի հետ վերջին երկու սահմանային անցակետերը։