ԵՄ-ն կշարունակի համագործակցել Երևանի և Բաքվի հետ տարածաշրջանում կայուն խաղաղության ուղղությամբ․ Գրոնո

Եվրոպական Միությունը կշարունակի համագործակցել  Հայաստանի և Ադրբեջանի հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և փոխադարձ զարգացման հասնելու ճանապարհին, գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն «X» սոցիալական ցանցում։


«Ես ավարտել եմ բարձր մակարդակով ինտենսիվ և կարևոր խորհրդակցությունները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 18-19-ը Երևանում։ Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և իշխանության այլ ներկայացուցիչների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, մարդասիրական հարցերի, կապի և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ խորը և մանրամասն մտքերի փոխանակման համար։ Ես նաև գոհ էի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հետաքրքիր քննարկումներից։ Եվրոպական Միությունը աջակցում է հայ և ադրբեջանցի գործընկերներին տարածաշրջանում լիակատար խաղաղության և հաջողությունների ճանապարհին»,- նշել է նա։