Վարշավայում կայացել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը, որը համանախագահել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ու Լեհաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկին:
Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում դիտարկվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տեղեկատվություն է փոխանակվել տնտեսական իրավիճակի և ներդրումային միջավայրի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում են Լեհաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրի, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության առանցքային հարցեր։ Ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության 2025-2027թթ. ճանապարհային քարտեզը։
Կառուցողական մոտեցմամբ՝ նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա գործնական քայլերը՝ երկկողմ փոխադարձ տնտեսական համագործակցության ընդլայնման միտումով։
Հանձնաժողովի նիստի շրջանակներում կայացել է հայ-լեհական գործարար համաժողով: