Վաղարշապատի ընտրություններից առաջ, ինչպես հայտնի է, ընդդիմադիր, մասնավորապես՝ սերժաքոչարյանական սեկտորը ձեռքերն էր շփում ու պատրաստվում «դուբլել» Գյումրիի հետընտրական գործարքը։ Թե՝ ուր որ է Գյումրիի սցենարով կաթողիկոսանիստ համայնքի կառավարումն էլ ընդդիմադիր ուժերով կգրպանեն՝ կոալիցիա կազմելով ու համայնքապետ ընտրելով։
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, սակայն, ընդդիմադիր հիշյալ ֆրոնտում չկա նախկին էնտուզիազմը,
չեն լսվում շամպայնի խցանների պայթյուններ ու ոգելից խմիչքով լի բաժակների շրխկոցներ,
հաղթական տրամադրություններն էլ իրենց տեղը զիջել են պարտության հետևանքով ի հայտ եկած «լոմկային» (ընթերցողը
թող ների ժարգոնային բառի համար)՝ դրանից բխող հետևանքներով։
Հաղթանակն, ինչպես հայտնի է, հազար տեր ունի, իսկ պարտությունն
անտեր է։ Բայց քանի որ այս դեպքում հաղթանակի միանձնյա տերը ՔՊ-ն է, ոչ թե նույնանուն
«Հաղթանակ» դաշինքն ու այլք, ուստի հաղթանակի «համը բերանները մնացածների»՝ պարտվածների
առնվազն երկու տերերն իրենց ագիտպրոպի միջոցով
փորձում են հիմնավորումներ գտնել իրենց բաժին հասածի համար՝ դիմելով ընդհուպ ցանցառամտության
ժանրին։ Ընդդիմության «խելոք գլուխներից» մեկն, օրինակ, ուղեղային ինչ-որ կենտրոնի
ղեկավար Աբրահամ Գասպարյանը, ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդդիմության պարտությունը,
իմա՝ ՔՊ-ի հաղթանակը հետևյալ փաթեթավորմամբ է փորձել սղղացնել։ Թե․ «Վաղարշապատում ՔՊ-ի ընտրական հաջողության շարժիչ ուժը ոչ թե իշխանության հանրապետական հեղինակության գործոնն է, այլ թեկնածուի անձնական քվեն (personal vote), որը պայմանավորված է թեկնածուի սոցիալական կապերով, «տոհմիկ» ազգանվան հնչեղությամբ կամ ազդեցությամբ։ Սա ակնհայտորեն խոսում է «իզմերի» իբրև թե չհավատացող ՔՊ-ի կուսակցական ինստիտուցիոնալացման թուլության ցուցիչների խորացման մասին, որտեղ կուսակցությունը չի կարողանում իր հեղինակությունն ու ազդեցությունը վերարտադրել տեղական մակարդակում, համենայնդեպս՝ քաղաքներում»։
Գասպարյանի մտքի սույն արգասիքը ոչ այլ ինչ
է, եթե ոչ քաղաքագիտական կատարյալ անգրագիտություն։ Սա նույնն է, ինչ ֆուտբոլային մարզչին մեղադրես թիմը
լավ մարզելու, որակյալ ֆուտբոլիստներ ներգրավելու, խաղի ժամանակ շատ «գոլ»-եր խփելու և այսպիսով հաշիվը սեփական օգտին ավելացնելու մեջ։ Քաղաքագիտության
դասերը վատ սերտած Աբրահամ Գասպարյանը, փաստորեն,
քաղաքական տրամաբանությունը, հաշվենկատությունը, հեռատեսությունն ու ադեկվատությունը, որը պետք է ցուցաբերի ընտրապայքարի
մեջ մտած ցանկացած քաղաքական ուժ, փորձում
է մեկնաբանել ըստ իր «կարդացածության», ինչու չէ՝ նաև «փչացածության»՝ կառավարող ուժին, փաստորեն, մեղադրելով ընտրապայքարում
դասական քաղաքական գործիքակազմ կիրառելու մեջ։
Այս համատեքստում դառնանք ընդդիմությանն այդքան
ոգեշնչած Գյումրիի ընտրությունների օրինակին․ դրան մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերից ամենաշատ քվեները, հիշեցնենք,
ստացել էր Վարդան Ղուկասյանը։ Մեկը, որն առաջադրվել էր «իզմ» դավանող Կոմկուսի ցուցակով։
Արդ, հարց է ծագում՝ գյումրեցին, ձայն տալով Ղուկասյանին, քվեարկել է կոմունիզմի վերադարձի՞
օգտին, թե՞ Ղուկասյանի՝ բարձր տոկոսներ ստանալու հարցում
դեր են խաղացել նրա ունեցած սոցիալական, տոհմիկ, ինչու չէ՝ նաև կրիմինալ կապերը, որոնք
ձևավորվել են նաև վերջինիս քաղաքապետ աշխատելու 13 տարիների ընթացքում։ Համոզված ենք՝
եթե այս բոլոր գործոնները չմեկտեղվեին, ու Ղուկասյանը քաղաքապետ դարձած չլիներ, ապա
նա մեծ հավանականությամբ այսօր իր տանը բուխարու
մոտ թեյ խմելիս կլիներ, այլ ոչ թե կալանավորված՝ համայնքապետի իր պարտականությունները
կատարելիս ենթադրյալ կաշառք ստանալու մեջ մեղադրվելով։ Նույն Գյումրիի ընտրություններին
մասնակցած Մարտուն Գրիգորյանն էլ, ի գիտություն «խելոք գլուխների», իր տոկոսները ստացել
է բացառապես իր տոհմիկ ու սոցիալական կապերի շնորհիվ, քանի որ գյումրեցին չէր «գժվել»,
որ ձայն տար ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի ու հանրությանն անհայտ ինչ-որ կուսակցության
կողմից ձևավորված «Մեր քաղաքը» դաշինքին։
Մի դիտարկում էլ՝ կապված տոհմիկ ազգանվան հետ․ ողջ քարոզարշավի ընթացքում սերժաքոչարյանական ագիտպրոպը փորձում էր անվանարկել
տոհմիկ ազգանունը կրողին՝ չխնայելով անգամ այդ ազգանունն իր որդուն փոխանցածի շիրիմը։
Թե՝ Արգիշտի Մեխակյանը Ղարաբաղի ազատագրմանը մասնակցած իր հոր՝ Մեխակ Մեխակյանի հիշատակը դավաճանել է՝ մաս դառնալով Ղարաբաղը հանձնողների
իշխանությանը։ Երբ, օրինակ, Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքում կամ յուրային ԶԼՄ-ներում
տեսնում էր նման եղկելի շահարկումներ, ինչպե՞ս էր արձագանքում։ Մտքով չէ՞ր անցնում
մի սաստող-նախատող քոմենթ գրել՝ հանուն քաղաքական շահերի մի՛ պղծեք տոհմիկ ազգանունը,
մի տրորեք սրբությունները, մեկ է՝ ձեր առջև դրված խնդրին չեք հասնելու։ Վաղարշապատցին
կատարելու է իր ընտրությունը՝ հաշվի առնելով, այո, և՛ ՔՊ-ի առաջադրած թեկնածուի բարի
համբավն ու հեղինակությունը, և՛ նաև խոստացված ու կատարված աշխատանքը։ Աբրահամ Գասպարյանին,
բայցևայնպես, պետք է շնորհակալություն հայտնել ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորած համայնքի
ղեկավարի թեկնածուի հեղինակությունը նկատելու
ու բարձր գնահատելու համար, նաև՝ ՔՊ-ի հասցեին հաճոյախոսելու համար, կուսակցություն,
որը կարողանում է իր հարկի տակ մեկտեղել բարձր
հեղինակությամբ գործիչների, առաջադրել տարբեր համայնքներում և հաղթել ընտրություններում։
Վարկաբեկված ու հեղինակազրկված թեկնածուներին առաջադրում և կամ սատարում են կա՛մ քաղաքական
դեգեներատները, կամ էլ վերին աստիճանի անբարոյականները՝ այսպիսով ծաղրելով ընտրողին ու ընտրապայքարը։
Աբրահամ Գասպարյանի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում պիտի որ հարց
ծագի՝ մասնավորապես «Հաղթանակ»-ի ցուցակը գլխավորած նախկին ՀՀԿ-ական Սևակ Խաչատրյանի
ստացած քվեները ո՞ւմ «հունարի» կամ քաղաքական տաղանդի արդյունքն էին՝ բացառապես նրա՞, Խաչատրյանի «տոհմիկ
ու սոցիալական կապերի՞, թե՞ 135-ամյա ՀՅԴ-ի ու 1-ամյա «Առաջ աջակենտրոն» կուսակցության
«բացառիկ հեղինակության ու ազդեցության»։ Գասպարյանը
լավ կանի «կռիվ» չգցի «Սաքուլիկ»-ի ու նրան առաջադրած կուսակցությունների «տունը»,
հատկապես, երբ խոսքը գնում է այս երկուսի ու այդ երկուսին կառավարողի վարկի ու հեղինակության մասին։ Խոսքը,
գլխի ընկաք, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, որի հեղինակությունը բավականաչափ
ցածր է թե որևէ համայնքում, թե առավել ևս երկրի կառավարումը ստանձնելու համար։
«Հաղթողներին չեն դատում» ասող, բայց Վաղարշապատում հաղթած ուժի հաղթանակը նսեմացնել փորձող մեկ այլ գործիչ էլ՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, «Ֆակտոր»-ի տաղավարում որպես իշխանության հաղթանակի «պատճառ» նշել է Վաղարշապատ համայնքի խոշորացումը, Ա․ Մեխակյանին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը, «քանի որ գիտեին, որ Էջմիածնում պարտված են» ։ Ավելին, խոշորացման պրոցեսը նախկին դեսպանը որակել է «հարամություն», թե՝ «հարամություն չի՞, երբ դու 18 գյուղ կպցնում ես քաղաքին»։ Սա ասում է մեկը, որը 2016-ին, երբ պատգամավոր էր, պաշտպանում էր համայնքների խոշորացման գաղափարը, թե՝ «ՀՀ-ում 900-ից ավելի ընտրովի համայնք պահելը չի տանում զարգացման, և ժամանակին սխալ ճանապարհով են գնացել օրվա իշխանությունները՝ կիրառելով բաժանիր, որ տիրես սկզբունքը»։ 2021-ին էլ, ի դեպ, նրա ղեկավարած ուժը մասնակցել է իր ծննդավայր Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին ու․․․ պարտվել՝ չանցնելով անցողիկ շեմը, ապա և քվեարկության արդյունքները դատարանում վիճարկելով։ Հետաքրքիր է՝ Մարուքյանը փորձե՞լ է այս ընթացքում գտնել իր ղեկավարած ուժի պարտության պատճառները, դրանցում կա՞ արդյոք համայնքի խոշորացված լինելը։ Հազիվ թե։ Մեծ հավանականությամբ պարտության պատճառները եղել են քաղաքական անգրագետ պայքարն ու ոչ մրցակցային ուժ լինելը։ Արդ, պարոն Մարուքյանին պետք է բարեկամաբար հորդորել՝ արդեն տևական ժամանակ տանջող գլխացավի պատճառը որոնել սեփական գլխում և դադարե՛լ մեղադրել իրենց գլուխն առողջ պահողներին գլխացավ չունենալու մեջ։ Ի դեպ, ԼՀԿ-ն ինչո՞ւ որոշեց չմասնակցել խոշորացված Վաղարշապատի ընտրություններին, գուցե «խոշոր հաշվով» պարտությա՞ն մատներ ՔՊ-ին ու մյուս ուժերին։
Հ․ Մանուկյան