«Զինված ուժերի 2,5 անգամ կրճատում»․ Ի՞նչ է նախատեսում Ուկրաինայում հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը․ The Economist

Բրիտանական The Economist ամսագիրը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան ծրագիրը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) թվաքանակի կրճատում մինչև ներկայիս մակարդակի 40%-ը։


Ըստ հրատարակության թղթակից Օլիվեր Քերրոլի՝ խոսքը գնում է ուկրաինական բանակի թվաքանակի 2,5 անգամ կրճատման մասին։


The Economist-ը նաև հաստատել է The Daily Telegraph թերթի տեղեկությունն այն մասին, որ Սպիտակ տունն իր առաջարկները ներկայացրել է հենց հիմա՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ, որը թուլացրել է Վոլոդիմիր Զելենսկու դիրքերը։


Ամսագիրը նշել է, որ դեռ պարզ չէ, արդյոք այս ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդհանուր աշխատանքի արդյունքն է, թե՞ նրա հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի անձնական նախաձեռնությունը։


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը պաշտոնական ուղիներով ԱՄՆ-ից տեղեկություն չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ որոշակի «համաձայնագրերի» մասին, որոնց մասին գրում են ԶԼՄ-ները։