Ուկրաինան երբեք չի ճանաչի ժամանակավորապես օկուպացված տարածքը որպես Ռուսաստանին պատկանող. դա բանակցություններում «կարմիր գիծ» է։ Այս մասին Ուկրաինայի մշտական ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Գայովիշինը հայտարարել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նոյեմբերի 20-ի արտակարգ նիստի ժամանակ, որը գումարվել էր ռուսական զանգվածային հրետակոծությունների պատճառով։
«Մենք երբեք՝ ո՛չ պաշտոնապես, ո՛չ էլ որևէ այլ կերպ,
չենք ճանաչի Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված Ուկրաինայի տարածքը որպես
ռուսական։ Մեր հողը չի վաճառվում»,- նշել է Գայովիշինը։
Նա հավելել է, որ Ուկրաինան չի համաձայնի ինքնապաշտպանության
իրավունքի սահմանափակմանը, մասնավորապես՝ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատմանը,
ինչպես նաև դաշինքներ ընտրելու արգելքին (անդամակցություն ՆԱՏՕ-ին կամ անվտանգության
այլ դաշինքներին):
Գայովիշինն ընդգծել է, որ Կիևը պատրաստ է խաղաղության
կառուցողական բանակցությունների, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով, սակայն «խաղաղության
տանող ցանկացած ուղի պետք է որդեգրի հետևյալ սկզբունքը՝ ոչինչ Ուկրաինայի վերաբերյալ
առանց Ուկրաինայի, ոչինչ Եվրոպայի վերաբերյալ առանց Եվրոպայի»։
Նա նաև ընդգծել է, որ ռուսական ագրեսիան հետապնդում
է ցեղասպանության նպատակ, այդ թվում՝ ուկրաիներենը ոչնչացնելու ձգտում։
Նրա խոսքով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը էսկալացիա
չէ, այլ Ռուսաստանին խաղաղության ջանքերին դրդելու միակ միջոցը։ Պատերազմն ավարտելու
միակ իրատեսական միջոցը Ռուսաստանին ստիպելն է նահանջել և՛ տնտեսական, և՛ քաղաքական,
և՛ ռազմական առումով։