«Այդ կենդանին թանկ կվճարի. Դա եղել է ատելության և ահաբեկչության ակտ». Թրամփը՝ Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգության մասին

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով տուժել են ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայողներ, պարզվել է, որ հրաձիգը Միացյալ Նահանգներ է ժամանել Աֆղանստանից։


Դոնալդ Թրամփը կրակողին անվանել է «կենդանի» և ասել, որ նա «շատ թանկ կվճարի»։ Ավելի ուշ նա հանդես է եկել ամերիկացիներին ուղղված ուղերձով՝ հայտարարելով, որ հարձակումը եղել է «ատելության և ահաբեկչության ակտ»։ Թրամփի խոսքով՝ կրակողը Միացյալ Նահանգներ է ժամանել Աֆղանստանից 2021 թվականին։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը պարզաբանել է, որ կրակողը ժամանել է 2021 թվականի սեպտեմբերին՝ Քաբուլում կառավարության ձախողումից հետո, երբ ԱՄՆ-ն տարհանեց մարդկանց թալիբների կողմից քաղաքը գրավելուց հետո։


«Այժմ մենք պետք է վերանայենք բացարձակապես ամեն մի օտարերկրացու հանդեպ  քաղաքականությունը, որը Աֆղանստանից մեր երկիր է մուտք գործել Բայդենի օրոք, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար ցանկացած երկրից ցանկացած օտարերկրացու արտաքսումը, որը չպետք է այստեղ լինի կամ որը որևէ օգուտ չի բերում այս երկրին»,- ասել է Թրամփը։


Ազգային գվարդիայի տուժած զինծառայողների վիճակը ծանր է (ավելի վաղ հայտարարել էին, որ երկուսն էլ զոհվել են): ABC News-ի տեղեկություններով՝ նրանք կին և տղամարդ են, որոնց տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: Կրակողը, ինչպես իր ուղերձում նշել է Թրամփը, նույնպես ծանր վիրավորվել է: Նրա հարձակման դրդապատճառը անհայտ է: