Հայաստանում բռնկված հրդեհների բոլոր օջախները մարվել են. ՆԳՆ

Լայնածավալ գործողությունների արդյունքում հրդեհների բոլոր օջախները մարվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։


«Հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել վերահսկողություն»,– ասված է հաղորդագրությունում:


Նոյեմբերի 21-ից 27-ը խոշոր հրդեհներ էին բռնկվել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ և խոտածածկ տարածքներում:


Լայնածավալ գործողություններում ներգրավվել էր ավելի քան 2700 փրկարարական ծառայող, շրջակա միջավայրի նախարարության, էկոպարեկային ծառայության, ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, 65 հիմնական և շուրջ 260 օժանդակ տեխնիկա, ՊՆ ուղղաթիռ, որով իրականացվել է 109 թռիչք՝ օդային հետախուզման և հրդեհաշիջման նպատակով։


Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն, կրակ կամ ծուխ նկատելիս անմիջապես զանգել 911։