ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների տնօրեն Ջոզեֆ Էդլոուն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը իր գերատեսչությանը հանձնարարել է անցկացնել «մտահոգություն առաջացնող յուրաքանչյուր երկրից յուրաքանչյուր օտարերկրացու յուրաքանչյուր գրին քարտի լիարժեք և մանրակրկիտ վերստուգում»։
Հարցին, թե որ երկրների մասին է խոսքը, Էդլոուն հղում
է արել Թրամփի՝ 2025 թվականի հունիսի հրամանագրին, որով արգելվում էր ԱՄՆ մուտքը
12 երկրների քաղաքացիների համար (Աֆղանստան, Հայիթի, Իրան, Լիբիա, Եմեն, Սոմալի, Սուդան
և այլն) և սահմանափակում էր ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը (դրանց թվում են՝
Տոգոն, Թուրքմենստանը, Կուբան և Վենեսուելան)։
Էդլոուն այլ մանրամասներ չի հայտնել։
Էդլոուն այս հայտարարությունն արել է Սպիտակ տան
մոտ տեղի ունեցած հրաձգությունից երկու օր անց, որի հետևանքով վիրավորում էին ստացել
ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայողներ։ Հրաձգության կասկածանքով ձերբակալվել է
Աֆղանստանի քաղաքացի 29-ամյա Ռահմանուլլա Լականվալը։ Տուժածներից մեկը՝ 20-ամյա զինծառայող
Սառա Բեքստրեմը, մահացել է հիվանդանոցում։
Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել
է, որ «մշտապես կդադարեցնի միգրացիան երրորդ աշխարհի բոլոր երկրներից», և խոստացել
է վտարել «ցանկացածի», ով օգուտ չի բերի երկրին։