ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ կհանդիպի դեկտեմբերի 2-ին։ Այս մասին հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
The Wall Street Journal-ը ավելի վաղ հայտնել էր, որ Ուիթքոֆի հետ Ռուսաստան է մեկնելու նաև Ջարեդ Քուշները, ով Թրամփի դստեր ամուսինն է և որպես նախագահ Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում եղել է նրա գլխավոր խորհրդականը։
Նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ: Քննարկումը կենտրոնացած էր հակամարտության դադարեցման ուղիների, տնտեսական և անվտանգության հարցերի երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հեռանկարների և տարածքային հարցերի վրա: Քննարկումների ընթացքում բարձրացվել էր նաև Կիևի անվտանգության երաշխիքների հարցը։
Ֆլորիդայում կայացած հանդիպմանը ԱՄՆ կողմից մասնակցել էին Վիտկոֆը, Քուշները, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։ Հանդիպումից հետո Ռուբիոն հայտարարել էր, որ բանակցությունները կառուցողական են եղել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն լավատեսորեն է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում։