ՀՀ-ում Լիբանանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիբանանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադդադը։


Այս մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ 


Նշվում է, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Նախագահն իր խոսքում շեշտել է երկու երկրների և ժողովուրդների պատմական առանձնահատուկ կապերը և ջերմությունը։ 


Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Լիբանանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։ 


Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ հարգանքի վրա։ Ընդգծվել է արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերում, և նշվել է, որ Լիբանանը տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է։ 


Քննարկվել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Կարևորվել են քաղաքական երկխոսության խթանման ուղղությամբ ջանքերի ներդրումը և գործնական կապերի ամրապնդումը։ 


Նշվում է, որ կողմերը նաև ընդգծել են քաղաքական և ինստիտուցիոնալ համագործակցության և առկա մեծ ներուժի իրականացման, ու միջմշակութային ու պատմական կապերի պահպանման և զարգացման կարևորությունը։ 


Լիբանանի դեսպան Դիմա Հադդադը իր հերթին հավաստիացրել է, որ կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և նոր նախաձեռնությունների առաջխաղացմանը։