Աֆղանստանի կառավարության կողմից բանակցողներից մեկը հայտարարել է, որ «Թալիբան» շարժումը եռամսյա հրադադար է առաջարկում՝ 7000 ապստամբ բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Այս մասին հուլիսի 15-ին հաղորդել է France24- ը։
Այսպիսով՝ «Թալիբան»-ը օգտագործում է իր բանակցային ուժեղ դիրքը, որը ձեռք է բերել տարածքային վերջին առաջխաղացմամբ՝ Քաբուլից հնարավորինս շատ զիջումներ ստանալու համար: Չկա որևէ երաշխիք, որ թալիբները կպահեն այս գործարքի բոլոր պայմանները, երբ Աֆղանստանի կառավարությունն ընդունի առաջարկն ու ազատ արձակի 7000 բանտարկյալներին: Այս հրադադարը կարող է արդյունավետ լինել՝ թալիբների գրանցած հաջողությունների ամրապնդման առումով, և թույլ չտալ, որ աֆղանական ուժերը ռազմավարական տարածքներ հետ վերցնեն։ Այնուամենայնիվ, կարճատև զինադադարը, կարող է երկու կողմերի համար էլ պայմաններ ստեղծել՝ սկսելու ներաֆղանական խաղաղ բանակցությունները, և հասնելու այս հակամարտության քաղաքական լուծմանը:
Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժումը պնդում է, որ այժմ վերահսկում է Աֆղանստանի տարածքների 85% -ը։ Աֆղանստանի կառավարությունն այժմ վերահսկողություն ունի նահանգների մայրաքաղաքների վրա, որոնք հիմնականում պետք է մատակարարվեն օդային ճանապարհով: