Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել
է. «ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիրը, ինչպես գիտեք, նախաստորագրվել է Վաշինգտանյան
հանդիպման ժամանակ: Այդ համաձայնագիրը հանրությանը հասանելի է, քանի որ դրանից 2 օր
անց և՛ ՀՀ-ն, և՛ Ադրբեջանը հրապարակել են այն: Համաձայնագրի նախաբանը և 17 հոդվածները
հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Ադրբեջանը հստակ հայտարարել
է, որ համաձայնագրի տակ վերջնական ստորագրությունը պատրաստ է դնել միայն մեկ պայմանով՝
Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հստակ էր ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ։ Ադրբեջանը
պատրաստ է փաստաթղթի տակ վերջնական ստորագրությունը դնել միայն այն պայմանով, որ Հայաստանի
Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Իսկ թե երբ դա
տեղի կունենա, բացառապես Հայաստանի ներքին գործն է։
Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այսօր մենք
առաջընթաց ենք տեսնում այս ուղղությամբ։ Վարչապետ Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության
տեքստը։ Ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ նախագիծը։ Կրկին ընդգծում եմ՝ դա նրանց ներքին
գործն է։ Մեզ հետաքրքրում է միայն այն, որ նոր նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային
պահանջներ չլինեն։ Նախագծից երևում է, որ նման դրույթ բացակայում է, և մենք դա դրական
ենք գնահատում։ Հայաստանի ներսում սահմանադրական գործընթացի ավարտի ժամկետը կախված
է այդ երկրի ղեկավարությունից և հասարակությունից։ Այս հարցի լուծումից հետո նախաստորագրված
խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի»։