ՀՀ-ում 2024-ին կյանքի տևողությունն աճել է, իսկ տղամարդիկ և կանայք սկսել են ավելի ուշ ամուսնանալ. ՎԿ-ի ուշագրավ տվյալները

2024-ին աճել է կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ «ՀՀ կանայք և տղամարդիկ» հրապարակումից։ Ըստ ՎԿ-ի՝ բարելավվել է և կանանց, և տղամարդկանց կյանքի միջին տևողությունը նախորդ երկու տարիների համեմատությամբ, մինչդեռ կանանց և տղամարդկանց ամուսնության միջին տարիքն ու ավելի քիչ երեխաներ ունենալու միտումները շարունակել են աճել։


2024 թվականին ծնված աղջիկ երեխաների կյանքի սպասվող միջին տևողությունը, ըստ ՎԿ հրապարակման, կազմել է 81,7 տարի, 2023 թ՝ 81,0, 1994 թ՝ 65,9, 2004 թ.-ի՝ 76,1 տարվա համեմատ։ Տղամարդկանց կյանքի սպասվող տևողությունը 2024 թ-ին կազմել է 75,1 տարի, 2023 թ՝ 74,1, 1994-ի՝ 65,9,  2004-ի՝ 70,1 տարվա համեմատ։


Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացել է թե տղամարդկանց, թե կանանց շրջանում։ 2024-ին կանանց առաջին ամուսնության տարիքը կազմել է 29,1, իսկ տղամարդկանցը՝ 32,6 տարի։ Այն զգալիորեն ավելի է, քան 2004-ին, երբ կանանց առաջին ամուսնության միջին տարիքը 23,5 տարի էր, իսկ տղամարդկանցը՝ 27,5, իսկ 2014-ին, համապատասխանաբար, 26,3 և 29,4 տարի։