Հարսանեկան շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ»-ի վարորդը կրակոցներ է արձակել․ նա ձերբակալվել է

Հոկտեմբերի 1-ին Մասիսում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը մեկնարկային ատրճանակից կրակոցներ է արձակել։


ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են հիշյալ մեքենան։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։


Մասիս քաղաքի բնակիչ 21-ամյա վարորդն ընդունել է, որ ինքն է կրակել մեկնարկային ատրճանակով, որը մեքենայի մեջ է։


Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։


Հանգամանքները պարզվում են։