2.68 միլիարդ դոլարի զինամթերք Կանադային. Պետդեպարտամենտը հավանություն է տվել ավիացիոն ռումբերի, այդ թվում՝ BLU-117-ի վաճառքին

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Կանադային 2.68 միլիարդ դոլարի զինամթերք, այդ թվում՝ ավիացիոն ռումբերի եւ դրանց հետ կապված նյութատեխնիկական ապահովման սարքերի հնարավոր վաճառքին։ Այս մասին հայտնել է Պենտագոնի Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է ըստ միջկառավարական պայմանագրերի արտասահմանում ռազմական տեխնիկայի եւ զենքի վաճառքի համար։


Հայտարարության համաձայն՝ Կանադայի իշխանությունները նախկինում Միացյալ Նահանգներից խնդրել էին, ի թիվս այլ բաների, BLU-117, BLU-109, BLU-111 եւ GBU-39 ավիացիոն ռումբեր, դրանց հետ կապված տարբեր սարքավորումներ եւ ուսումնական զինամթերք։


Փաստաթղթում ընդգծվել է, որ «ենթադրվող վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության նպատակներին՝ ՆԱՏՕ դաշնակցի մարտունակությունը բարձրացնելու միջոցով»։


ԱՄՆ վարչակազմն արդեն իսկ տեղեկացրել է Կոնգրեսին այդ զինատեսակների հնարավոր վաճառքը հաստատելու իր որոշման մասին։ Օրենսդիր մարմինն ունի 30 օր՝ հնարավոր գործարքը վերանայելու եւ այն արգելափակելու հարցը քննարկելու համար։


Հոկտեմբերի սկզբին պետդեպարտամենտը նաեւ հաստատել է M142 HIMARS համազարկային կրակի հրթիռային կայանքների, զինամթերքի եւ դրանց հետ կապված նյութատեխնիկական ապահովման սարքերի հնարավոր վաճառքը Կանադային 1.75 միլիարդ դոլար արժեքով։