«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը

2025թ․ դեկտեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործ» վերնագրով հոդվածը պարունակում է մի շարք չհիմնավորված պնդումներ, փաստական սխալներ և մանիպուլյատիվ ձևակերպումներ, որոնք ստեղծում են իրականության հետ կապ չունեցող պատկեր հիմնադրամի մասին։


Այս մասին հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը՝ աշտոնապես հերքելով կեղծ լուրերը


Պարտավոր ենք հանրությանը ներկայացնել փաստերով հիմնավորված պարզաբանումներ և ամբողջական տեղեկատվություն։


««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2018 թվականին՝ տիկին Աննա Հակոբյանի ջանքերով և նախաձեռնությամբ` իր, Լենա Նազարյանի և Վահագն Թևոսյանի կողմից։ Տիկին Աննա Հակոբյանը երբևէ կուսակցական չի եղել, չի զբաղեցրել կուսակցական պաշտոններ և, առավել ևս, հիմնադրամի գործունեությամբ չի ապավինում քաղաքական կապերի վրա։ Վահագն Թևոսյանը ևս կուսակցական գործունեությամբ չի զբաղվել։ Միայն Լենա Նազարյանն է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սակայն նրա ներգրավվածությունը հիմնադրամում ոչ մի կապ չունի կուսակցական գործունեության հետ։


Հիմնադրամը չի ծառայել և չի ծառայում որևէ քաղաքական նպատակների, իսկ աշխատակիցները որևէ կուսակցության անդամ չեն։ Մեր աշխատանքը բացառապես ուղղված է կրթության, մշակույթի, երիտասարդության հզորացման, մարդկային ներուժի բացահայտման, սոցիալական ներառման և հանրային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրերին, որոնց կյանքի կոչման համար երախտապարտ ենք մեր նվիրատուներին։ Հիմնադրամի ծրագրերի շահառու կարող են դառնալ բոլորը` անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից և այլ խտրականություններից:


Հոդվածում նշված է, թե հիմնադրամն ունի «անանուն նվիրատուներ»: Նշենք, որ բարեգործական հիմնադրամների գործունեության տրամաբանությունը և միջազգայնորեն ընդունված պրակտիկան ենթադրում են, որ նվիրատուները իրավասու են մնալ անանուն և չհրապարակել իրենց ֆինանսական օգնությունը: Հիմնադրամի տարեկան բոլոր նվիրատվությունները ստուգվում են ֆինանսական վերահսկողության և անկախ աուդիտի միջոցով: Հետևաբար, նվիրատուների անունները գաղտնի պահելը կասկած չի ստեղծում. այն նվիրատուի իրավունքն է, որը մենք հարգում ենք։


Հոդվածում հնչեցված «հիմնադրամը գործ չի անում» պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և զուրկ է որևէ փաստական հիմքից։ Իրականում նման պնդում ձևակերպելը անգամ անհնար կլիներ, քանի որ միայն 2025 թվականին հիմնադրամը իրականացրել է բազմաշերտ, լայն ընդգրկում ունեցող ծրագրերի այնպիսի ծավալ, որը փաստերով է հաստատում հիմնադրամի արդյունավետ գործունեությունն ու հանրային նշանակությունը։ Հիմնադրամի աշխատանքի հանդեպ մեծ վստահության ու հավատի վառ ապացույցը հիմնադրամի տարբեր ծրագրերի շրջանակում ստացված հայտերի ահռելի մեծ թիվն է, որոնցից 1868-ը դարձել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերի շահառու (+ 12000-ից ավելի «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակից): Հիմնադրամի աջակցությունը ոչ միայն փոխում է մեր շահառուների կյանքը, այլև ազդում է նրանց ընտանիքների ու համայնքների զարգացման վրա։


«Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիր (2025թ բյուջե - 99.527.000 ֏)


21 շրջանավարտ` ծրագրի առաջին երկու ուսումնական տարիներից,
7 առկա ուսանող, ովքեր ստանում են արդի գիտելիք հայ և արտասահմանյան առաջատար համալսարանների դասախոսներից` լիովին անվճար,
ԵՊՀ-ում կառուցվում է նոր, ժամանակակից լսարան՝ ամբողջ անհրաժեշտ գույքով և հարմարություններով:
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիր (2025թ բյուջե - 276.000.000 ֏)


164 շահառու և 108 ֆինանսավորված բիզնես նախորդ 3 փուլերից,
Ներկայումս ընդանում է ծրագրի 4-րդ փուլը,
100 առկա շահառու Տավուշից, Արագածոտնից, Գեղարքունիքից, Սյունիքից:
«Հաջողակից սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագիր (2025թ բյուջե - 298.000.000 ֏)


100 ֆինանսավորված բիզնես` ծրագրի ավարտված 2 փուլերից,
29 առկա շահառու-նորաստեղծ ընտանիք ներկայացրել է բիզնես ծրագրերը` դրամաշնորհներ ստանալու ակնկալիքով,
Զուգահեռ ամփոփվում են «Միմյանցից ոգեշնչված» նոր փուլի 529 հայտերը:
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագիր (2025թ բյուջե - 85.000.000 ֏)


«Ագրոտեխնոլոգիան» դարձել է պարտադիր առարկա Սյունիքի 15 շահառու դպրոցներում 420 սովորող-շահառուի համար,
Տպագրվել և 15 դպրոցներին են հանձնվել «Ագրոտեխնոլոգիայի» դասագրքերը և «Ագրոպոլիա» համայնքի զարգացման սեղանի խաղը,
Հիմնադրամի ֆինանսավորմամբ 17 ընտանիք փոխում է իր գյուղատնտեսության մոդելը՝ անցնելով նորարար գյուղատնտեսության,
Ստորագրված է հուշագիր «Իզմիրլյան» հիմնադրամի հետ՝ Սիսիանում ագրոդրոնների ուսումնական կենտրոն ստեղծելու համար (մեկնարկը` 2026 թ-ին):
Տնտեսապես կայուն ընտանիքներ նախաձեռնություն (2025թ բյուջե - 47.756.000 ֏)


Լեռնային Ղարաբաղից տեղահանված 20 ընտանիք (Լոռի և Արագածոտն մարզերից) ստացել է 250 քմ մակերեսով ջերմատուն:


«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագիր (2025թ բյուջե - 23.940.000 ֏)


91 շահառու երեխա 1 տարվա ընթացքում (Տավուշ և Արագածոտն մարզերից),
Այցելություն 11 մշակութային կենտրոն:
Հատուկ կարիքներ ունեցող անձանց սոցիալական ներառմանն աջակցող ծրագրեր


· Հիմնադրամը համաֆինանսավորել է «Կողք կողքի» ներառական արթ փառատոնը, որն անց է կացվել տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո (5.000.000 ֏):


· Հիմնանորոգվել է «Փրկություն» ՀԿ-ի շենքը` հնարավորություն տալով 63 մշտական շահառուի ստանալ անհրաժեշտ խնամք ավելի բարենսպաստ շենքային պայմաններում (95.000.000 ֏):


· Ներառական սրճատուն նախագծի վերապատրաստման դասընթացներ Նիդերլանդներում և նախապատրաստական աշխատանքներ 2025թ հունիսից (սրճատան հիմնումը` 2026թ-ին: Նախատեսված բյուջե` 204.568.000 ֏):


«Կրթվելը նորաձև է» շարժում


· Բանախոսություններ Հայաստանի 25 համայնքներում, որոնց ներկա է եղել ավելի քան 12000 մասնակից,


11 հրավիրյալ բանախոս տարբեր ոլորտներից,
Շարժման աջակից ծրագիր (2025թ բյուջե - 82.269.000 ֏` հուլիսիսց դեկտեմբեր)


· Տարբեր անվճար դասընթացներ և վերապատրաստման ծրագրեր, որոնց մասնակցել է շուրջ 500 հոգի,


· «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիր կրթության մեջ առնվազն 5 տարվա դադար ունեցած 125 շահառուի համար,


· Կանանց ակումբ Արագածոտնի, Արարատի և Լոռու մարզերում, որին հաճախում է շուրջ 150 կին:


Հիմնադրամի միջազգային համագործակցությամբ իրականացված վերապատրաստման ծրագրեր (2025թ բյուջե - շուրջ 25.000.000 ֏)


· 61 շահառու, աշխատակազմի անդամներ, «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ տարբեր վերապատրաստման, փորձի փոխանակման ուսուցողական ծրագրերով մեկնել են Չինաստան, Նիդերլանդներ, Կատար, Վիեննա և Գերմանիա:


· Այցերի մեծ մասը իրականացվել է հյուրընկալող կողմի և գործընկեր միջազգային կազմակերպությունների համաֆինանսավորմամբ, իսկ վերոնշյալ բյուջեն ներկայացնում է հիմնադրամի ծախսերի մասը:


Սա միայն 2025 թվականի աշխատանքների ամփոփ նկարագիրն է, իսկ Հիմնադրամի ֆինանսներով հետաքրքրվողների համար ևս մեկ անգամ նշում ենք, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են ՊԵԿ-ի կայքում, անցնում են անկախ աուդիտ: Նվիրատվությունները ամեն մարդու ազատ կամքի դրսևորումներն են` բարեսիրական նպատակներից ելնելով, և դրանք չեն կարող կատարվել քաղաքական կամ վարչական փոխշահավետության ակնկալիքներով: Նվիրատուների կողմից փոխանցումները հիմնադրամն ընդունում է երախտագիտությամբ և իրավասու չէ քննել նրանց տնտեսական գործունեությունն ու դատական պատմությունը, նման հարցերի իրավական քննությունն իրականացվում է բացառապես լիազորված պետական և իրավական մարմինների կողմից։


Մեր դուռը բաց է, մեր աշխատանքը՝ տեսանելի, հաշվետվությունները՝ թափանցիկ։


Հպարտ ենք, որ կարողանում ենք արդյունավետ համագործակցել նվիրատուների, ծրագրային գործընկերների և քաղաքացիների հետ՝ ի նպաստ հանրային բարեկեցության: Անկախ որևէ անհատից, շահից կամ լրատվամիջոցի նպատակներից՝ հորդորում ենք.


· Դիմել ոլորտային փորձագետների՝ ֆինանսական թեմաներ մեկնաբանելիս։


· Զերծ մնալ շահարկումներից՝ հանուն հիմնադրամի հանրային վստահության պահպանման։


· Ուշադիր ուսումնասիրել իրավաբանական և հաշվապահական հիմքերը՝ նախքան դատողություններ անելը»,- ասվում է հայտարարության մեջ։