Դատախազությունը պահանջում է ՀՀ-ին վերադարձնել Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ի տիրապետության տակ գտնվող հողատարածքը, բնակելի տները և նավակայանը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը, որով պահանջվում է անվավեր ճանաչել «Բեղլու» ՓԲԸ-ի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռնի, Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնակցությամբ կնքված մի շարք գործարքներ։ Դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Սևանա լճի ափին գտնվող 0,29114 հա հողատարածքն ու դրա վրա կառուցված շինությունները, իսկ դատարանն արդեն կիրառել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով գույքի օտարումը կամ դրա փաստացի վիճակի փոփոխությունը։ 


«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին: Որպես հետևանք՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել՝ 1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, 2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Վերոնշյալ պայմանագիրը փոփոխելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը, 2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցամատյանի N 4462 համարի ներքո ՊՈԱԿ-ի և «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրն ու 2025 թվականի նոյեմբերի 28-ին կատարված իրավունքի պետական գրանցումը: Արդյունքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները, այն է՝ 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը: 


Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։