ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպական քաղաքական համայնքի հարցերով հատուկ հանձնակատար, արտակարգ և լիազոր դեսպան Հյուգ Մորեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հաջորդ տարվա մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացմանն ու այդ ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, և ՀՀ կառավարությունը ներդնում է բոլոր ջանքերը՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի համոզմամբ՝ գագաթնաժողովի հյուրընկալումը էլ ավելի կամրապնդի ՀՀ-ԵՄ համագործակցությունն ու կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը։
Հյուգ Մորեն համոզմունք է հայտնել, որ միջոցառումը մեր երկրում կանցնի լավագույնս, և ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով աջակցելու նախապատրաստական հետագա աշխատանքներին։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա զարգացմանը ու այդ առումով կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։