Վարչապետի «ճանապարհային քարտեզին» դրական կարձագանքեն այն հոգևորականները, որոնք իսկապես ծառայում են հայ եկեղեցուն

Ուշացած, բայց շատ անհրաժեշտ. այսպես արձագանքեց իրավապաշտպան Քրիստ Հովսեփյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին «եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի» վերաբերյալ։ Նշենք, որ հիշյալ «ճանապարհային քարտեզն» ունի իրագործման իր «ճանապարհային քարտեզը»՝  պետք է կյանքի կոչվի Գարեգին Բ-ի հեռացումից հետո։ Առաջարկների «փաթեթը» ներառում է մասնավորապես Եկեղեցու նոր Կանոնագրքի ընդունումը, որը պետք է անդրադառնա հոգևորականի բարեվարքության կանոններին, Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը, ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը և դրա ապահովման երաշխիքներին։ Առաջարկվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։

 

Քրիստ Հովսեփյանը նշեց, որ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունումը, որը պետք է ազդարարի եկեղեցու «նոր սկզբի» մասին, առավել քան հրատապ է։ Դրա անհրաժեշտությունը չափազանց զգացվում էր այն շրջանում, երբ որոշ եկեղեցականներ սկսեցին զբաղվել քաղաքականությամբ՝ խախտելով սահմանադրական արգելքը։ «Եկեղեցին այսօր ունի քաղաքական դիրքորոշում և ակնհայտորեն՝ ընդդիմադիր։ Եկեղեցականներն էլ ինքնըստինքյան դարձել են քաղաքական գործիչներ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ «եթե ինչ-որ հոգևորական ուզում է զբաղվել քաղաքականությամբ, ապա դրա համար կա հստակ սահմանված կարգ՝ ձևավորում ես քաղաքական կուսակցություն, քո հոգևոր կարգավիճակը դադարեցնում ես և հանգիստ դառնում ես քաղաքական գործիչ։ Մեր երկրում քաղաքականությամբ զբաղվելու որևէ արգելք չկա։ Ի դեպ, մի կարևոր նրբություն էլ այս համատեքստում՝ եկեղեցական գործունեության դադարեցման մասով. երբ Բագրատ Գալստանյանը 2024-ին որոշեց մտնել քաղաքականություն ու «սրբազան շարժում» ղեկավարել, ազդարարեց իր՝ եկեղեցական գործունեությունը  իբրև թե «սառեցնելու» մասին։ Մինչդեռ եկեղեցական կանոնագրքում «սառեցում» կանոնակարգ նախատեսված չէ, կա եկեղեցական գործունեության կասեցում։ Սա պետք է հստակ ֆիքսվի քաղաքականություն մտնել պատրաստվող հոգևորականների համար։ Այլապես կստացվի, որ իքս հոգևորականը, սառեցնելով իր գործունեությունը, ակնկալում է, որ քաղաքականության մեջ չհաջողելու դեպքում կարող է նորից հետ գալ ու զբաղվել հոգևոր ծառայությա՞մբ։ Սա արդեն լուրջ չէ»։  Իրավապաշտպանն այս համատեքստում նկատեց նաև, որ մասնավորապես եկեղեցու «թիվ մեկ հոգևորականը»՝ Գարեգին Բ-ն, ընդգծված քաղաքական դիրքորոշում ունի, որը նաև պարբերաբար արտահայտում է ոչ միայն անձամբ, այլ նաև ի դեմս Մայր Աթոռի անունից հանդես եկող հոգևորականների՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, Վազգեն արքեպիսկոպոս Գալստանյան և այլք։  «Որպես ՀՀ քաղաքացի, որն ունի սահմանադրական բոլոր իրավունքները, այդ թվում՝ ընտրելու, քաղաքական դիրքորոշում ունենալը բնական է ու նորմալ, բայց երբ քաղաքական դիրքորոշում է արտահայտում անձը, որը բարձրաստիճան հոգևորական է, ավելին՝ ամենայն հայոց Կաթողիկոսը՝ ոչ։ Կաթողիկոսը, այո, թող իր քաղաքացիական կամքը կատարի, իր քաղաքական դիրքորոշումը հայտնի ընտրախցիկում, բայց ոչ՝ բացահայտ ու ակնհայտ։ Հիշենք՝ վերջերս հրապարակվեցին կադրեր, որոնք վկայում էին, որ 2021թ. ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում Մայր Աթոռում  փակցված են եղել «Հայաստան» դաշինքի լոգոները։ Սա ի՞նչ է,  ոմանք Մայր Աթոռը նախընտրական շտաբի հե՞տ են շփոթել»։


Եկեղեցին, ըստ մեր զրուցակցի, պետք է իսպառ զերծ լինի քաղաքականությունից, առավել ևս՝ որևէ քաղաքական ուժի ձեռքի գործիքը դառնալուց կամ այդ ուժի քաղաքական շահերը սպասարկելուց։  


Ի դեպ, նկատենք, որ երկու տարի առաջ ՀՀ վարչապետը շոշափելով եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվելու թեման՝ մասնավորապես նշել էր. «Մեր սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական, ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում: Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա: Բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից, չի կարող»։


Քրիստ Հովսեփյանը համաձայն է նաև կառավարության կողմից եկեղեցու ֆինանսական հոսքերը կառավարելու գործիք ունենալուն։ «Որպես իրավաբան պետք է շեշտեմ՝ պետությունը պետք է ունենա լծակ՝ կառավարելու եկեղեցու ֆինանսական հոսքերը, բայց ոչ՝ վերահսկելու։ Պետությունը պետք է կանխարգելիչ, ոչ թե պատժիչ գործառույթներ իրականացնի»։ Ի դեպ, եկեղեցուն հարկային դաշտ բերելու, եկեղեցականների կողմից հայտարարագրեր ներկայացնելու անհրաժեշտության հարցը ժամանակ առ ժամանակ օրակարգ է բերվել տարբեր ժամանակներում։ Դեռ նախկին իշխանության օրոք, մասնավորապես նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր հարցը բարձրացրել՝ ի մասնավորի առաջարկելով.  «Յուրաքանչյուր տարվա սկզբին ՀԱՍԵ-ն (Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին), մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունն ու հաշվեկշիռը։ Չի կարող հայ ժողովրդի հոգևոր հոր կարգավիճակին հավակնող այնպիսի կառույցը, ինչպիսին ՀԱՍԵ-ն է, 100%-ով գտնվել ստվերում։ ՀԱՍԵ-ի տնտեսական շրջանառությունը կազմում է ՀՆԱ 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը։ ՀԱՍԵ-ի, ինչպես նաև մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեությունը, նրանց ունեցվածքը պետք է հարկվեն։ Բացառություններ չպետք է լինեն՝ բացի մոմերի վաճառքից ստացվող եկամուտներից»,- մասնավորապես նշել էր նախկին վարչապետը։


Մեր հարցին՝ Ն. Փաշինյանի վերոհիշյալ առաջարկություններն ըմբռնման կարժանանա՞ն  Մայր Աթոռի կողմից՝ Հովսեփյանը պատասխանեց. «Սա դրական արձագանք կգտնի այն հոգևորականների կողմից, ովքեր իրապես ծառայում են հայ  եկեղեցուն ու իրենց առաքելությունն իրականացրել են հավուր պատշաճի՝ չխախտելով եկեղեցու կանոնական օրենքները»։ Իսկ այն հոգևորականները, որոնց ուղին խոտոր՝ անմաքուր է եղել, այժմ էլ վեղարի ներքո քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ  ունեն,  ըստ մեր զրուցակցի, ադեկվատ չի ընկալվելու։  «Այս կանոնագիրքն ընդունելու դեպքում,  ի դեպ,  եկեղեցականներն ավելի պաշտպանված են լինելու, քանի որ ունենալու են գործունեության հստակ սահմանված երաշխիքներ։ Դրա ընդունումը հետևապես բխում է բացառապես եկեղեցու շահերից։ Համոզված եմ, սակայն, որ ընդդիմությունը սույն առաջարկը նսեմացնելու գործին է լծվելու ու էժանագին շահարկումների է տրվելու՝  կառուցողական առաջարկը ներկայացնելով բացասական քողի ներքո։ Ինչպես, օրինակ, եկեղեցիներում ՀՀ օրհներգը հնչեցնելու վարչապետի առաջարկն էր, որը նույնպես շատ ադեկվատ առաջարկ է, և որին, ի դեպ, կողմ եմ նաև ես»։


Հեղինե Մանուկյան