ՀՀ ԱԳ փոխնախարարը Նյու Յորքում ընդգծել է «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կենսական նշանակությունը

Դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրեն Թոմաս Թյոդլինգի և Coalition for the UN we Need գործադիր տնօրեն Ադամ Լուպելի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:


Ռոբերտ Աբիսողոմոնյանը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալիզացման կարևորությունը: 


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների անկյունաքարային նշանակությունը՝ ուղղված տարածաշրջանում քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և ներդրումների խթանմանը: Այս համատեքստում կարևորվել է նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնված շահագրգիռ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա։


ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հարավային Կովկասն ունի արդյունավետ և անվտանգ լոգիստիկ հանգույցի վերափոխվելու չիրացված ներուժ, որի կիրարկումը կարող է հանգեցնել տարածաշրջանի դերի ավելացմանը փոխկապակցվածության ցանցի զարգացման համատեքստում: Այս առումով Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կենսական նշանակությունը։


Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է զրուցակիցների հարցերին՝ անդրադառնալով միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի: