Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը։ Դեկտեմբերի 8-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է առաքելության ներկայացուցիչներին:


Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչներ և ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։


Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ համապատասխան գերատեսչությունների հետ բազմակողմ քննարկումները հնարավորություն կտան ստանալու լրացուցիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առավել ամբողջական և խոր պատկերացումներին։


Փոխնախարարը նշել է, որ մի շարք ռազմավարական փաստաթղթեր մշակման փուլում են։
Կողմերն ընթացիկ գործընթացներում կարևորել են որակի առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ մշակվող փաստաթղթերը պետք է լինեն համակողմանի, կենսունակ և գործնականում կիրառելի՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը:


Առաքելության անդամները, բարձր գնահատելով Հայաստանի հետ կառուցողական գործընկերությունը, կարևորել են Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։


Նշվել է, որ Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը նախատեսվում է պատրաստել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։


Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության անդամները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ հանդիպել են գերատեսչության ղեկավար կազմի հետ։


Նելլի Դավթյանը նշել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ներդնում է բազմակողմ և հետևողական ջանքեր։


Ծառայության պետը ներկայացրել է Գործողությունների ծրագրի վերաբերելի կետերը՝ անդրադառնալով ոլորտը կարգավորող քաղաքականության, իրավական շրջանակի, մշակվող նոր փաստաթղթերի, կենսաչափական համակարգի ներդրման, տվյալների և իրավական ինքնության պաշտպանության, սահմանների համալիր կառավարման, ապաստանի տրամադրման ոլորտներին, ինչպես նաև միգրացիայի կառավարման շղթայի այլ բաղադրիչներին։


Ծավալվել է ակտիվ քննարկում։