Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը
փորձել է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի տարածքները ներկայացնել որպես
տարածքներ, որոնք արդեն անցել են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Ուկրաինական պատվիրակությունը
հայտարարել է, որ կարող է ներկայացնել տեսանյութեր, լուսանկարներ և այլ ապացույցներ
այդ տարածքների նկատմամբ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության մասին, և ամերիկյան
կողմը հաստատել է իրականության ուկրաինական գնահատականը։
«Խնդիրն այս է։ Պուտինը ապրում է այլ իրականության մեջ։
Իհարկե, նա ամերիկացիներին կպատմի, որ իրեն մեկ կամ երկու ամիս է պետք Ուկրաինայի արևելքը
ամբողջությամբ օկուպացնելու համար։ Ես նույնպես կարող եմ նրա համար նկար նկարել, որում
ես ամբողջությամբ օկուպացրել եմ Ռուսաստանը։ Բայց դա ճիշտ չէ։
Դրական պահն այն էր, որ ամերիկյան կողմը
հաստատեց Ուկրաինայի գնահատականը մարտադաշտում տեղի ունեցողի վերաբերյալ։
Ահա թե ինչու մենք պետք է նստենք և խոսենք
առաջնորդների մակարդակով։ Կան բազմաթիվ հարցեր։ Օրինակ՝ մենք խոսել ենք Խերսոն քաղաքի
մասին, որտեղ սահմանազատման գիծն անցնում է գետով։ Ռուսները վերահսկում են մի ափը,
մենք՝ մյուս։ Բայց մարդիկ ցանկանում են միասին ապրել երկու ափերին էլ։ Դա ուկրաինական
քաղաք է։ Այս հարցերը զգայուն են, բայց մենք պետք է խոսենք դրանց մասին։ Կարծում եմ՝
թիմերը կքննարկեն առաջնորդների մակարդակով հանդիպման հնարավորությունը։ Վստահ չեմ,
որ Ռուսաստանը պատրաստ է, բայց մենք կբարձրացնենք այդ հարցը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել
է Զելենսկին։