Կան հրատապ խնդիրներ, որոնց լուծումը կենսական անհրաժեշտություն է. նախագահն ընդունել է Արամազդ Ղալամքարյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել ապագա աշխատանքներում։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:


 

Հանդիպման ընթացքում Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է կոմիտեի ընթացիկ գործունեության, առկա իրավիճակի և առաջնահերթ գործողությունների վերաբերյալ տեղեկություններ։ Ընդգծվել է, որ այս չափազանց կարևոր ենթակառուցվածքային ոլորտում կան մի շարք հրատապ խնդիրներ, որոնց լուծումը դարձել է կենսական անհրաժեշտություն։


 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է կոմիտեի հետևողական և համակարգված աշխատանքը՝ ընդգծելով ջրային ռեսուրսների պահպանության, դրանց արդյունավետ կառավարման և կայուն օգտագործման ուղղությամբ ջանքերի ակտիվացումը։ Նա նշել է, որ ջրային ոլորտի բարեփոխումները Հայաստանի սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման կարևոր բաղադրիչներից են։

 


Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին, որը ներառված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ տարվա հեռուստամարաթոնի առանցքային նպատակների շարքում։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը, դրա ռազմավարական նշանակությունը և այն ակնկալիքները, որոնք վերաբերում են ջրամատակարարման անվտանգության բարձրացմանը։

 


Հանդիպման ավարտին շեշտվել է ջրային ոլորտում ընթացիկ ծրագրերի կենսական կարևորությունը և դրանց արդյունավետ, ժամանակին իրականացումը ապահովելու անհրաժեշտությունը։