«Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի լեհ երկրպագուներ

Դեկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի: 


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: 


Մինչ բժիշկները անհրաժեշտ հետազոտություն ու բուժզննում էին իրականացնում, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Երևանում գործող «Կովկաս» պանդոկից:


Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ 36-ամյա Լուկաս Կ.-ն է, 44-ամյա Լուկաս Բ.-ն և 44-ամյա Մաչի Ա.-ն, որոնք ծեծի են ենթարկվել: 


Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:


Կայքի տեղեկություններով՝ տուժածները ժամանել էին Հայաստան՝ որպես ֆուտբոլի երկրպագուներ: