Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով առաջիկա ժամերին սպասվող եղանակին:


«Հարգելի քաղաքացիներ,


Վստահ ենք՝ շատերդ լսած կլինեք տարածված ժողովրդական խոսքը․ «Այս քամին ձյան տեղ է անում»։


Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոնը հայտնում է, որ այդքան էլ այդպես չէ և առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։


Ինչ վերաբերում է քամուն, ապա ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի այսօր Հանրապետության հրապարակում նախատեսված կարևոր իրադարձությանը՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը։


Մաղթում ենք բոլորին հաճելի և տոնական երեկո»,- գրել է Ազիզյանը: