«Մոսկվան բաց է Երևանի հետ քննարկելու «Թրամփի ուղու» բովանդակությունն ու Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի վերաբերյալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։


«Արևմուտքը ակտիվացրել է ապակառուցողական գործողությունները Հարավային Կովկասում՝ փորձելով տակնուվրա անել տարածաշրջանը, սեպ խրել Ռուսաստանի հետ տարածաշրջանի պետությունների հարաբերություններում։ Սա պառակտման քաղաքականություն է, այլ ոչ թե ստեղծման։ Չէ՞ որ Արևմուտքի շատ երկրների համար Հարավային Կովկասը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի պոտենցիալ ցավոտ կետ։ Գլխավորը մեր երկրին վնասելն է, ընդ որում՝ այլոց շահերի գնով, ևս մեկ տարածաշրջան ներքաշելը հակառուսական ծրագրերի մեջ։ Տարածաշրջանում կատարվողը միշտ անմիջականորեն ազդել է Ռուսաստանի, մեր արտաքին և ներքին անվտանգության շահերի, տնտեսության վրա։ Հենց սա է պատճառը, որ արևմտյան երկրներն այսօր իրենց կողմից սկսված «առանց կանոնների խաղ»-ի շրջանակներում ակտիվացրել են իրենց ապակառուցողական ջանքերը»,- նշել է նա։


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, անդրադառնալով հայ-ամերիկյան նախագծին, մասնավորապես ասել է. «Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրել, սակայն Մոսկվան բաց է քննարկելու ինչպես նախաձեռնության բովանդակությունը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը»։ Նրա խոսքով՝ «դրա համար կան բավարար հիմքեր»: Ըստ էության խոսքը վերաբերում է երթուղու այն հատվածին, որն ավելի վաղ համաձայնեցվել է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, նշել է Կալուգինը:


«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի «դուստր»-ն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը։ Երթուղին մեծ մասամբ անցնում է մեր սահմանապահների պատասխանատվության գոտով»,- նշել է Կալուգինը։


Եզրափակելով՝ նա մատնանշել է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ընդգծել, որ նախաձեռնության իրականացումը առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի։