«Գրենլանդիան կդառնա ԱՄՆ-ի մաս». նշանակվել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու հատուկ բանագնաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցով հատուկ բանագնաց է նշանակել Լուիզիանա նահանգի նահանգապետին, ով անմիջապես հայտարարել է, որ աշխատելու է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու ուղղությամբ։ Դանիան, որի կազմի մեջ ինքնավարության իրավունքով մտնում է Գրենլանդիան, պատասխանել է վրդովված հայտարարություններով։


«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ։ Ինձ համար պատիվ կլինի ծառայել Ձեզ այս կամավորական պաշտոնում՝ Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնելու նպատակով», — երկուշաբթի օրը X սոցիալական ցանցում գրել է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին։


Թրամփն ինքը բազմիցս հայտարարել է արկտիկական այս կղզին ԱՄՆ-ին միացնելու ցանկության մասին, որն, ըստ նրա, Ամերիկային անհրաժեշտ է ազգային անվտանգության ապահովման համար։


Հանրապետական Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայում ԱՄՆ հատուկ բանագնաց նշանակելու մասին Թրամփը հայտարարել էր կիրակի օրը՝ դեկտեմբերի 21-ին։ Ըստ Թրամփի՝ Լենդրին հասկանում է, թե որքան «կարևոր է Գրենլանդիան ԱՄՆ ազգային անվտանգության համար» և առաջ կմղի Վաշինգտոնի շահերը։


Գրենլանդիայում հատուկ բանագնաց նշանակելու Թրամփի որոշումը հարուցել է Դանիայի իշխանությունների զայրույթը։ Կոպենհագենում հայտարարել են, որ մտադիր են կանչել ԱՄՆ դեսպանին՝ պարզաբանումներ ստանալու համար։


Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը նշել է, որ խորապես վրդովված է Վաշինգտոնի որոշմամբ, և զգուշացրել է ԱՄՆ իշխանություններին ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը հարգանքի բացակայություն կդրսևորի Դանիայի ինքնիշխանության նկատմամբ։


«Քանի դեռ մենք ունենք թագավորություն, որը բաղկացած է Դանիայից, Ֆարերյան կղզիներից և Գրենլանդիայից, մենք չենք կարող հանդուրժել գործողություններ, որոնք խարխլում են մեր տարածքային ամբողջականությունը», — ասել է նախարարը դանիական TV2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։