ԱՄՆ-ն կարծում է, որ եթե Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր է ավարտել, ապա դա տեղի կունենա առաջիկա 90 օրվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթակերը։
«Եթե այն (հակամարտությունը – խմբ.) ավարտվի, ապա դա կարվի հաջորդ 90 օրվա ընթացքում», — ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Ուիթակերը հայտնել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասնակիցները քննարկում են չորս փաստաթուղթ, այդ թվում՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, անվտանգության բազմակողմ երաշխիքները, ԱՄՆ-ի կողմից անվտանգության առանձին երաշխիքները և խաղաղության հաստատումից հետո տնտեսական աճի ու բարգավաճման ծրագիրը։
Դրանից առաջ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների արդյունքներով հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները Մայամիում քննարկել են ընդհանուր ռազմավարական մոտեցման համաձայնեցումը, ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը, Կիևի համար Վաշինգտոնի անվտանգության երաշխիքները և Ուկրաինայի վերականգնման հարցերը։