Թրամփը դժգոհել է, որ Չինաստանն ու Ուկրաինան իրեն շեղում են սուրբծննդյան գործերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան միջոցառման ժամանակ հայտարարել է, որ չի կարողանում բավարար ուշադրություն դարձնել տոնական գործերին, քանի որ ստիպված է լուծել Ռուսաստանին, Ուկրաինային և Չինաստանին առնչվող հարցեր։ 


«Մենք պետք է վերադառնանք Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի հարցերին։ Պետք է վերադառնանք մյուս գործերին։ Բայց սրանով կարելի էր զբաղվել ամբողջ օրը», — ասել է Թրամփը։


Ֆլորիդա նահանգի իր Մար-ա-Լագո կալվածքում Թրամփը հեռախոսով պատասխանել է այն երեխաների հարցերին, որոնք զանգահարել էին Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարություն (NORAD)՝ Սանտա Կլաուսի գտնվելու վայրի մասին տեղեկանալու համար։ Երեխաների հետ շփմանը մասնակցել է նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, ով նստած էր տոնածառի կողքին գտնվող բազկաթոռին և առանձին հեռախոսով պատասխանում էր զանգերին։


Մինչ այս, ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթակերը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը հնարավոր է առաջիկա 90 օրվա ընթացքում։ Նրա խոսքով՝ «ակնհայտ է», որ այս ձմեռը կարող է «իսկապես դաժան լինել ուկրաինացիների համար»՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածների պատճառով։


Եթե որևէ մեկը կարող է լուծել այս խնդիրը, ընդգծել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը, ապա դա հենց Ամերիկայի նախագահն է։