Վլադիմիր Զելենսկին առաջիկա օրերին կարող է մեկնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդա նահանգում գտնվող Մար-ա-Լագո նստավայր՝ բանակցությունների նպատակով: Այցը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 28-ին, հայտնում է Kyiv Post պարբերականը՝ հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրներին։
«Ակնկալվում է, որ նա (Զելենսկին - խմբ.) առաջիկա օրերին կմեկնի Ֆլորիդա՝ Մար-ա-Լագոյում չափազանց կարևոր բանակցությունների համար, որը կարող է հանդիսանալ ամերիկյան ղեկավարության հետ հանդիպման հարթակ... Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, այցը կարող է կայանալ արդեն դեկտեմբերի 28-ին», - գրում է պարբերականը։
Հատկանշական է, որ դեկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Մայամիում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ամերիկայի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին։ Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և շարունակում է հավատարիմ մնալ Անկորիջի քննարկումների հարթակին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունել էր Ուիթքոֆին և Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Ինչպես հայտնել է Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել դրանք քննարկել առանձին-առանձին։