Ռուսաստանը Ուկրաինային հարվածելու համար օգտագործում է Բելառուսի բնակելի շենքերի վրա տեղադրված սարքավորումներ, որոնք օգնում են «Շահեդ» անօդաչու թռչող սարքերն ուղղորդել դեպի թիրախները։
Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Telegram-յան ալիքին։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ինքը հրավիրել է Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստ, որը կենտրոնացած է եղել ռուսական «Շահեդների» հարվածներին դիմակայելու, ուկրաինական «ԱԹՍ-ների գծի» թեմաների վրա։
Բելառուսն օգնում է ՌԴ-ին գրոհել Ուկրաինան. Նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուսները փորձում են շրջանցել կալանիչների պաշտպանական դիրքերը Բելառուսի տարածքով, ինչը ռիսկային է հենց Բելառուսի համար։ Ըստ նրա՝ Ուկրաինան տեսնում է «Օրեշնիկի», իսկ այժմ նաև «Շահեդների» օժանդակության հետ կապված քայլերը։ Այսպիսով, Բելառուսը զիջում է իր ինքնիշխանությունը հօգուտ ռուսական ագրեսիվ մանիպուլյացիաների։
«Մեր հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայի դեմ հարվածներում կիրառվող սարքավորումները Բելառուսի՝ սահմանամերձ բնակավայրերում տեղակայվում են նաև բնակելի շենքերի վրա», - նշել է Զելենսկին։
Մասնավորապես, անտենաները և այլ սարքավորումներ, որոնք օգնում են «Շահեդներն» ուղղորդել դեպի Ուկրաինայի արևմտյան շրջանների թիրախները, տեղադրվում են սովորական հինգ հարկանի շենքերի տանիքներին։ «Սա բացարձակ արհամարհանք է մարդկային կյանքերի նկատմամբ, և կարևոր է, որ Մինսկում դադարեն խաղալ այդ ամենի հետ։ Մենք կտեղեկացնենք գործընկերներին և կնախապատրաստենք համատեղ պատասխաններ», - ասել է նախագահը։
Քննարկումների երկրորդ թեման եղել է կալանիչների (interceptor drones) ֆինանսավորումը և զինվորականներին մատակարարումների կառուցվածքը։ Ինչպես հայտնել է Զելենսկին, որոշ ստորաբաժանումներ քննադատում են ԱԹՍ-ների բաշխման համակարգը։
Նախագահը նշել է, որ հանձնարարել է առաջին փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովին՝ պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի և Անօդաչու համակարգերի ուժերի հրամանատարության հետ միասին արդիականացնել ԱԹՍ-ների բաշխման համակարգն այնպես, որ անհրաժեշտ քանակությամբ անօդաչուներով ապահովվեն ավելի շատ ստորաբաժանումներ։
Զելենսկին նաև հանձնարարել է Գլխավոր շտաբին և Պաշտպանության նախարարությանը մինչև հաջորդ նիստը մշակել երկնքի պաշտպանության ռազմավարության փոփոխություններ և ներկայացնել, թե ինչ է անհրաժեշտ անել ուկրաինական ստորաբաժանումներին ավելի շատ հնարավորություններ տալու համար՝ ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ ռազմաճակատային դիրքերի պաշտպանության հարցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը Վոլինի մարզի Կովել քաղաքի վրա հարձակվելու համար օգտագործում է Բելառուսի տարածքը, մասնավորապես՝ տեխնիկական բաղադրիչը։