Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կայանալիք հանդիպումից առաջ հեռախոսազրույց կունենան եվրոպացի առաջնորդների հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչին։
Զրույցը տեղի կունենա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, որին կմասնակցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Առցանց ձևաչափով սպասվող բանակցությունների մասին գրել էր նաև Axios-ը, իսկ ինքը՝ Զելենսկին, հույս էր հայտնել, որ իրեն և Թրամփին կհաջողվի «կապ հաստատել եվրոպացիների հետ»։
Ուկրաինայի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Թրամփի Մար-ա-Լագո նստավայրում. այն կսկսվի կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ երկուշաբթի, ժամը 00:00-ին):
Զելենսկին հայտնել էր, որ Թրամփին կներկայացնի 20 կետից բաղկացած խաղաղության նոր ծրագիր, իսկ բանակցությունները կենտրոնացած կլինեն տարածքային հարցերի շուրջ։ Հանրապետական գործչի խոսքով՝ հանդիպման ժամանակ խաղաղ համաձայնության հասնելու «լավ հնարավորություններ» կան։ Միևնույն ժամանակ, ըստ Politico-ի տվյալների, ամերիկյան առաջնորդը «սառն է» արձագանքել խաղաղության ծրագրի ուկրաինական տարբերակին։
Նախօրեին Կրեմլը հայտնել էր ԱՄՆ-ի հետ նոր շփումների մասին այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնել էր Մայամի, սակայն մանրամասներ չէին հաղորդվել։ Թրամփն էլ հայտարարել է, որ ակնկալում է շուտով զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։