ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրներն իրենց վրա կվերցնեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հիմնական մասը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են որոշակի մասնակցություն ունենալ այդ գործընթացում։
«Մենք ցանկանում ենք համագործակցել Եվրոպայի հետ, և Եվրոպան իր վրա կվերցնի աշխատանքի մեծ մասը, ինչպես կարող եք պատկերացնել։ Ի վերջո, նրանք հենց կողքին են։ Բայց մենք 100%-ով կօգնենք Եվրոպային՝ ճիշտ այնպես, ինչպես նրանք կօգնեին մեզ»,— ասել է Թրամփը Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ֆլորիդայում կայացած բանակցությունների արդյունքում 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը համաձայնեցված է 90%-ով, ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքները՝ 100%-ով, իսկ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների համատեղ երաշխիքները՝ 90%-ով։
Բանակցությունների ընթացքում Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել եվրոպացի առաջնորդների հետ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աշխատանքը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նա հավելել է, որ խաղաղության հաստատման առանցքային տարրը պետք է լինեն «երկաթբետոնե անվտանգության երաշխիքները հենց առաջին օրվանից»։