ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Գրենլանդիային առաջարկել մի համաձայնագիր, որը հանրապետական նախագահը համեմատել է «անշարժ գույքի խոշոր գործարքի» հետ։ Այս մասին հայտնում է Economist-ը։
Պաշտոնյաները քննարկում են «Ազատ ասոցացման մասին պայմանագիր» (Compacts of Free Association, COFA) կնքելու հնարավորությունը. նմանատիպ համաձայնագրեր Վաշինգտոնն արդեն ունի Խաղաղ օվկիանոսի մի շարք փոքր պետությունների հետ։ Ըստ փաստաթղթի՝ այդ պետությունները ամերիկյան զինուժին տրամադրում են իրենց տարածքային ջրերից և օդային տարածքից օգտվելու բացառիկ իրավունք, ինչը զրկում է այլ երկրներին նմանատիպ հնարավորությունից։ Փոխարենը՝ ԱՄՆ-ը ցուցաբերում է տնտեսական և ֆինանսական օգնություն։
Դանիան, որի ինքնավար տարածքն է հանդիսանում Գրենլանդիան, մատնանշում է, որ կղզում արդեն իսկ կա ամերիկյան ռազմաբազա։ Կոպենհագենի հետ համաձայնագիրը չի նախատեսում ամերիկյան զինվորականների թվաքանակի որևէ սահմանափակում, թեև ռազմական ներկայության զգալի ավելացումը, հավանաբար, կպահանջի Դանիայի համաձայնությունը, նշում է ամսագիրը։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները փորձել են ուղիղ բանակցություններ վարել Գրենլանդիայի կառավարության հետ, սակայն առայժմ մերժում են ստացել։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կարծում է, որ Գրենլանդիան վերահսկողության տակ առնելու Թրամփի ցանկությանը պետք է լուրջ վերաբերվել։ «Բայց ես նաև ուզում եմ հստակ հայտարարել. եթե ԱՄՆ-ը որոշի ռազմական հարձակում իրականացնել ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի վրա, ամեն ինչ կանգ կառնի։ Ներառյալ ՆԱՏՕ-ն և, հետևաբար, այն անվտանգությունը, որն ապահովվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»,- ասել է նա TV2 հեռուստաալիքին։
Գրենլանդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն դաշինքի անդամ Դանիայի շնորհիվ գտնվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի գործողության գոտում։
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը, Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու ԱՄՆ գործողության ֆոնին, հայտարարել է, որ կղզին չի կարելի համեմատել Վենեսուելայի հետ, և Գրենլանդիան հնարավոր չէ գրավել մեկ գիշերվա ընթացքում։