«Նախ՝ վռնդել Ռուսաստանին և Չինաստանին». ԱՄՆ պահանջները՝ Վենեսուելային

Վենեսուելայի իշխանությունները պետք է կատարեն Սպիտակ տան պահանջները, մինչ նրանց թույլ կտան ավելի շատ նավթ արդյունահանել, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ծրագրին քաջածանոթ երեք աղբյուրների։


Վարչակազմի պահանջների մասին հաղորդվել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին։


Նախ՝ երկիրը պետք է «վռնդի» Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին և Կուբային և խզի տնտեսական կապերը, ասել են աղբյուրները։ Երկրորդ՝ Վենեսուելան նավթի արդյունահանման ոլորտում պետք է համաձայնի համագործակցել բացառապես ԱՄՆ-ի հետ և ծանր նավթ վաճառելիս նախապատվությունը տա ԱՄՆ-ին, հավելել են աղբյուրները։


Բացի դրանից, աղբյուրներից մեկի խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 5-ին փակ ճեպազրույցում օրենսդիրներին ասել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Վենեսուելայի վրա, քանի որ նրա գոյություն ունեցող նավթի լցանավերը լիքն են։ Ռուբիոն նաև օրենսդիրներին ասել է, որ, ԱՄՆ գնահատականներով, Կարակասը ընդամենը մի քանի շաբաթ ունի մինչև ֆինանսապես սնանկ դառնալը՝ առանց իր նավթային պաշարների վաճառքի։