The Times-ը նշել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու չորս եղանակները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է հասնել Գրենլանդիայի միացմանը չորս հիմնական եղանակներով, հայտնում է The Times թերթը։


  1. Ռազմական ներխուժում. Առաջին եղանակը ենթադրում է ԱՄՆ-ի ուղղակի զինված միջամտությունը։

  2. Հարկադրանք և գնում. Մեկ այլ հնարավոր մոտեցում է հարկադրանքը։ Օրինակ՝ Թրամփը կարող է Դանիային առաջարկել գնել կղզին՝ խոստանալով զգալի ներդրումներ տեղի բնակչության և կղզու տնտեսության համար։

  3. Ազատ ասոցիացիայի պայմանագիր. The Times-ը դիտարկում է նաև «Ազատ ասոցիացիայի մասին համաձայնագրի» (COFA) կնքման հնարավորությունը։ Այս պահին ԱՄՆ-ն արդեն ունի նմանատիպ պայմանագրեր Խաղաղ օվկիանոսի փոքր պետությունների հետ (Միկրոնեզիա, Մարշալյան կղզիներ, Պալաու)։ Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն է տրամադրում այդ երկրներին, իսկ վերջիններս Վաշինգտոնին են փոխանցում պաշտպանության հարցերը՝ պահպանելով ներքին ինքնակառավարումը։

  4. Տնտեսական և ռազմական էքսպանսիա. Չորրորդ տարբերակը Գրենլանդիայի պահպանումն է որպես Դանիայի մաս, բայց կղզում ամերիկյան ռազմական ներկայության միաժամանակյա հզորացմամբ։ Սա կարող է ուղեկցվել օգտակար հանածոների հետախուզմամբ զբաղվող ամերիկյան ընկերությունների հետ առևտրային պայմանագրերի կնքմամբ և տեղական կառավարությունում ԱՄՆ պաշտոնյաների նշանակմամբ՝ որպես խորհրդականներ։


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը, Կոնգրեսին հայտարարել է, որ վարչակազմի վերջին սպառնալիքները չեն նշանակում շուտափույթ ներխուժում. հիմնական նպատակը կղզին Դանիայից գնելն է։


2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը բազմիցս ցանկություն է հայտնել Գրենլանդիան ներառել Միացյալ Նահանգների կազմում։ Հունվարի 4-ին, Վենեսուելայում ընթացող ամերիկյան գործողությունների ֆոնին, The Atlantic ամսագրին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ կղզին «շրջափակված է ռուսական և չինական նավերով» և «չափազանց կարևոր է» ԱՄՆ պաշտպանության համար։