Վենեսուելան նավթի վաճառքից ստացված եկամուտներով կգնի միայն ամերիկյան արտադրանք․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան իր նավթի վաճառքի նոր գործարքից ստացված միջոցներով ձեռք կբերի բացառապես ամերիկյան արտադրանք։


«Ինձ հենց նոր տեղեկացրեցին, որ Վենեսուելան նավթի մեր նոր գործարքից ստացված միջոցներով գնելու է միայն ամերիկյան արտադրության ապրանքներ»,- գրել է նախագահը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, ամերիկյան գյուղատնտեսական մթերքների, դեղամիջոցների և էներգահամակարգի համար նախատեսված սարքավորումների մասին է։


«Այլ կերպ ասած՝ Վենեսուելան պարտավորվում է գործեր վարել ԱՄՆ-ի հետ՝ որպես հիմնական առևտրային գործընկերոջ։ Սա իմաստուն ընտրություն է և շատ լավ է Վենեսուելայի ու ԱՄՆ-ի ժողովուրդների համար»,- հավելել է Թրամփը։


Հունվարի 6-ին Թրամփը հայտարարել էր, որ Կարակասը Վաշինգտոնին կփոխանցի 30-ից 50 միլիոն բարել նավթ՝ վաճառքի նպատակով։ Ընդ որում, նախագահը շեշտել է, որ անձամբ է վերահսկելու այդ գործարքից ստացված եկամուտները։