Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
այս տարեսկզբին, ինչպես նախորդ տարի, հանդես եկավ ասուլիսով։ Ալիևն անդրադարձավ նաև
Հայաստանի հետ հարաբերություններին։ Հայկական մամուլն ու փորձագիտական դաշտը բնականորեն
անդրադարձան նրա հնչեցրած մտքերին։
Եթե նախորդ տարի Ալիևը խոսում
էր ուժի ու ուժի կիրառման սպառնալիքների լեզվով, այս անգամ խոսում էր խաղաղությունից։
Մեկ տարի առաջ Ալիևը հայտարարում էր, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է, իսկ ֆաշիզմը
պետք է ոչնչացվի։ Դա կա՛մ Հայաստանը իր մեջ կոչնչացնի, կա՛մ իրենք դա կանեն։ Այս տարի
արդեն Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ 2025-ը պատմական տարի էր. ավարտվեց հայ-ադրբեջանական
պատերազմը։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել։
«Հայկական խորհրդի» փորձագետ
Ռոբերտ Ղևոնդյանը ևս մատնանշեց Ալիևի հռետորաբանության փոփոխությունը։ Դրա փոփոխությունը,
ըստ նրա, կապված է ոչ միայն օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման
հետ։
Ալիևը նախորդ տարի խոսում էր
ընդհուպ ուժով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք բացելու մասին։ Այս տարի արդեն նա
այդ ուղին նախ անվանեց ճանապարհ, ապա օգտագործելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ այն համադրեց Արաքսի միջանցքի հետ։ Ընդդիմադիր դաշտում
իհարկե «Զանգեզուրի
միջանցք» տերմինը հրճվանք
առաջացրեց ու հերթական ապոկալիպտիկ սցենարները մշակելու և հանրությանը հրամցնելու հնարավորություն
տվեց։
Ռոբերտ Ղևոնդյանը ուշադրություն
հրավիրեց հանգամանքին, որ այդ ուղին չի սկսվում և չի ավարտվում Սյունիքում՝ այն ձգվում
է Չինաստանից, Միջին Ասիայից և հասնում մինչև Եվրոպա։
Ալիևը խոսել էր նաև դրա օգուտների
մասին ու նշել, որ այստեղ պարտվողներ պետք է չլինեն, և Հայաստանն էլ իր օգուտներն է
ստանալու այս ճանապարհի շահագործումից։
Միաժամանակ Ալիևը նաև նարատիվների
պատերազմ է մղում։ Հարցազրույցում անդրադարձել էր Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները
շրջանցելուն՝ փորձելով Արևմուտքին ներկայացնել, թե Հայաստանն օգնում է այդ հարցում
Ռուսաստանին։
Ղևոնդյանը դա բնական համարեց
ու նշեց՝ մենք էլ նույն բանն ենք անում Ադրբեջանի մասով։
Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից
հետո հայկական ընդդիմադիր դաշտում աղմուկ բարձրացավ, թե Հայաստանը հերթական զիջումն
է արել, ու այսուհետ 907 բանաձևը, որով ԱՄՆ-ն զենք չէր կարող վաճառել Ադրբեջանին, կհանվի։
Պարզվեց՝ բանաձևը չի հանվել և չէր էլ կարող նախագահի որոշմամբ հանվել։ Դա Կոնգրեսի
տիրույթում է։ Ալիևը իր հարցազրույցում կոչ էր արել չեղարկել բանաձևը։ Քաղաքագետ Ռոբերտ
Ղևոնդյանն ասաց, որ ավելի քան 20 տարի այդ բանաձևը շրջանցվել է նախագահների կողմից։
Խաղաղության պայմաններում ապրել
սովորելու համատեքստում Ադրբեջանի տարածքով Ղազախստանից և Ռուսաստանից երկաթգծով բեռներ
են ժամանում Հայաստան։ Նաև Հայաստանն Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է ներմուծում։
Արդեն երկրորդ խմբաքանակն է ժամանել մեր երկիր։ Սա կարող է նպաստել խաղաղությանը։ Բայց
մտավախություններ կան, որ դա միակողմանի է արվում, և Ադրբեջանը Հայաստանից ներկրումներ
չի անում։ Ադրբեջանը չի՞ ուզում, թե՞ ձեռնտու չի Հայաստանից ապրանքներ ներկրել։
Ընդդիմադիր շրջանակները շարունակում
են խաղաղության գործընթացը տորպեդահարելու գործողություններ անել և այդ ճանապարհին
«Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ» խոսույթից հասել են «այսպիսի խաղաղություն
մենք էլ կբերեինք» խոսույթին։ Իսկ գործընթացը բարեհաջող առաջ է գնում, ու խաղաղությունը հաստատվել է։ Մնում է այն ամեն օր խնամել։
Վոլոդյա Հակոբյան