Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։
Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և Գեղամ Նազարյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել, որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
«Հիշատակի օրն առաջարկվում է նշել հունվարի 27-ին՝ Բանակի օրվան նախորդող օրը, որպեսզի այն չկապվի որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, բայց ունենա հստակ սիմվոլիզմ: Հունվարի 27-ին մենք կհարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 28-ին, կտոնենք Բանակի օրը»,- նշեց Ռուբինյանը:
Օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում, ընդունվելու դեպքում՝ այս տարվանից սկսած հունվարի 27-ը կսահմանվի ոչ աշխատանքային օր: