«Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության համար խոչընդոտ». Զելենսկին՝ Թրամփին

Հունվարի 15-ի երեկոյան իր ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության համար խոչընդոտ։ Այսպես է նա արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախօրեի այն հայտարարությանը, թե Զելենսկին ներկայացնում է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման «գլխավոր խոչընդոտը»։


Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, որի ընթացքում քննարկել են նաև Ուկրաինայի համար ՀՕՊ միջոցները և Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական ​​աշխատանքը։ «Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության համար խոչընդոտ»,- նշել է Զելենսկին։


Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ հենց ռուսական հրթիռները, անօդաչուները և Ուկրաինան ոչնչացնելու փորձերն են «հստակ ապացույցն» այն բանի, որ Մոսկվային պետք չեն խաղաղության համաձայնագրերը։


«Երբ Ռուսաստանի պատճառով ուկրաինացիները 20-30 ժամ էլեկտրաէներգիա չունեն, և երբ ռուսական հարվածները ուղղված են մեր էներգետիկ ոլորտն ու մեր մարդկանց ոչնչացնելուն, հենց Ռուսաստանին է պետք ճնշել։ Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային այս հարցում։ Մենք զգալիորեն ավելի ակտիվ դիվանագիտական աշխատանք կտանենք՝ և՛ հանրային ու պաշտոնական, և՛ ոչ հանրային ու ոչ պաշտոնական»,- ասել է Զելենսկին։.